Արարատ Ղուլյանի և Հմայակ Միրզոյանի աճյունները գտնվում են դիահերձարաններից մեկում, թե որտեղ՝ դեռ չենք պարզել. Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչո՞ւ ենք մենք այսպիսին. ոչ մի բացատրություն չեմ կարողանում գտնել: Գիտենք, որ Արցախի Շեխեր գյուղի երկու քաղաքացու՝ Արարատ Ղուլյանի և Հմայակ Միրզոյանի աճյունները գտնվում են դիահերձարաններից մեկում, թե որտեղ՝ դեռ չենք պարզել: Նրանց դիակները 2020 թվականի դեկտեմբերի 20-ին որոնողները հայտնաբերել են գյուղում, աճյունները հետո տեղափոխվել են:

Չնայած Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նշված է, որ Հմայակ Միրզոյանի դիակի նույնականացումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից, սակայն համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի տեսել դիակը, նույնականացում չի եղել:

Արարատ Ղուլյանի մայրը երկու անգամ ԴՆԹ հետազոտություն է անցել: Մի անգամ արյուն են վերցրել Հմայակ Միրզոյանի դուստրերից մեկից: Դրանից հետո որեւէ բան նրանց չեն ասել: Չգիտեմ՝ Առողջապահության նախարարությունը, Քննչական կոմիտեն կորցրե՞լ են թղթերը, պատասխանները ինչ-որ տե՞ղ են դրել:

Պետական կառույցներն ինչու՞ են այդպես աշխատում, որո՞նք են պատճառները: Անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում:

Ես համոզված եմ, որ նման բազմաթիվ պատմություններ կան անհետ կորածների վերաբերյալ: Ու չգիտենք՝ ինչ անել, այդ թղթերը հասանելի չեն, այդ կառույցներ հնարավոր չէ մտնել՝ պարզելու, թե որ դիահերձարանում են այդ երկու խաղաղ բնակիչների աճյունները:

Նայե՛ք այդ մարդկանց գործերը, ստուգե՛ք տվյալները, նույնականացրե՛ք նրանց աճյունները և տվե՛ք հարազատներին՝ հուղարկավորեն»: