2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում է իշխանության գալ. 11

Սկիզբը` այստեղ 

Արդեն տևական ժամանակ ներկայացնում ենք այն հիմքերը, որոնք թույլ են տալիս հանդես գալ վերնագրում նշված կանխատեսմամբ առ այն, որ 2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում:

Այսօր Ժնևում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումից հետո չկա որևէ տեղեկատվություն առ այն, որ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից Ռուսաստանի պահանջած անվտանգության երաշխիքների և եվրոպական անվտանգության շուրջ այդ բանակցությունները դրական արդյունք են տվել:

Ռուսաստանի անվտանգության հիմնական պահանջների թվում, որոնք 2021թ. դեկտեմբերին ներկայացվել են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում դաշինքի ռազմական ներկայությունից հրաժարվելն է: Ռուսաստանի պատվիրակները հունվարի 10-ին, 12-ին և 13-ին վերը նշված պահանջները քննարկել էին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ, և Մոսկվան այսօր սպասում էր իր առաջարկների գրավոր պատասխաններին:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերոնշյալ բանակցությունների արդյունքներով ասել էր, որ դրանք անհաջող են։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը, որը բանակցություններում ներկայացնում էր Միացյալ Նահանգները, իր հերթին հայտարարել էր ամերիկացիների համար անընդունելի առաջարկների մասին, մասնավորապես՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմ չընդգրկելու, դաշինքի` մինչև 1997թ. եղած վիճակին վերադառնալու…

ԱՄՆ պետքարտուղարն այսօրվա հանդիպման կապակցությամբ ավելի վաղ ասել էր, որ Պետդեպարտամենտը բեկումներ չի ակնկալում Ժնևի հանդիպումից, սակայն կցանկանար պարզել, թե ինչի է հանգել Կրեմլը խորհրդակցությունների արդյունքում։

Այսօրվա բանակցություններից առաջ ՌԴ արտգործնախարարն էլ լավատեսություն չէր հայտնել, նա ասել էր, որ ռուսական կողմը նույնպես բանակցություններից բեկում չի ակնկալում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, սակայն հույս ունի անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխաններ ստանալ։

Սակայն մինչ հանդիպման մեկնարկը հայտնի է դարձել, որ Բլինկենը գրավոր պատասխաններ չի տալու ռուսական հիշյալ պահանջներին (պաշտոնապես` առաջարկներին)։

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ կան պարտավորություններ, որ «ոչ մի երկիր չի ամրապնդում իր անվտանգությունն այլ երկրի անվտանգության հաշվին»։

«Ինձ շատ կհետաքրքրի լսել, թե ԱՄՆ-ն ինչպես է մեկնաբանում այդ պարտավորությունները»,- ասել է նա՝ խոսելով հանդիպումից սպասելիքների մասին։

Ինչպես բանակցությունների ավարտից հետո հայտնել է Լավրովը, ԱՄՆ-ը գրավոր պատասխան կտրամադրի հաջորդ շաբաթ։ Մինչ այդ պատասխանի տրամադրումը հրապարակումը, նշենք, որ ԱՄՆ Սենատ ներկայացված և երեկ հայտնի դարձած օրինագծով առաջարկվում է լենդիզով  Ուկրաինային զենք մատակարարել: Նախաձեռնությունն ԱՄՆ նախագահին թույլ է տալիս ուկրաինական իշխանությունների հետ կնքել վարձակալության պայմանագիր և տրամադրել զինտեխնիկա, որն իբր «անհրաժեշտ է խոցելի քաղաքացիներին ռուսական ռազմական ներխուժումից պաշտպանելու համար»։

«Օրենքը մեզ թույլ կտա ևս մեկ անգամ ծառայել որպես ժողովրդավարության զինանոց և Ուկրաինային տրամադրել մահաբեր զենք՝ ընդդեմ նրա ինքնիշխանության ռուսական սպառնալիքի», – ասել է նախաձեռնության հեղինակներից սենատոր Ջոն Քորնինը:

Սենատորի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված է, որ ներկայացված նախաձեռնությունն «օգնում է վերացնել Ուկրաինային զենք տրամադրելու խոչընդոտները», արագացնել դրանց առաքումը:

Ավելին. նախաձեռնության տեքստի համաձայն, ԱՄՆ իշխանությունները «Ռուսաստանի կողմից (Ուկրաինայի) կարևոր ենթակառուցվածքի վրա ցանկացած կիբերհարձակում որակում են որպես Ռուսաստանի զինված հարձակում»։ Վերոնշյալ հայտարարության մեջ նշված է նաև, որ լենդ- լիզն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի նվազեցրել Ուկրաինայի հետ սահմանին իր զորքերի թվաքանակը մինչև 2021 թվականի մարտ ամիսը եղած մակարդակը:

Ընդգծենք, որ խոսքը լենդ-լիզով Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին է` ի հավելումն ԱՄՆ 2022թ. ռազմական բյուջեով հատկացված 300 մլն դոլարի, ինչպես նաև լրացուցիչ հատկացված 200 մլն դոլարի ռազմական օգնության, որի մատակարարումներն Ուկրաինա սկսվելու են առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում: Ինչպես CNN-ին հայտնել է անանուն ամերիկացի դիվանագետը, 2021թ. Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալն աճել է՝ հասնելով ռեկորդային 650 միլիոն դոլարի (սա 200 միլիոնով ավելին է, քան մինչ այդ հայտնի էր մեզ)։ Պարզ է, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնությունն այս տարի ավելին կլինի:

Մեծ Բրիտանիան նույնպես հայտարարել է այս շաբաթվա ընթացքում Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին: Ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը «Daily Mail» թերթին տված հարցազրույցում, Լոնդոնը Ուկրաինային կմատակարարի թեթև հակատանկային զինատեսակներ: Ուկրաինական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, խոսքը ժամանակակից NLAW (Next Generation Light Antitank Weapon) հակատանկային նռնականետերի մասին է։ Այն բրիտանա-շվեդական մշակում է, որը նման է ամերիկյան «Javelin» դյուրաշարժ հակատանկային հրթիռային համալիրներին, բայց ավելի թեթև է և կարճ հեռահարության:

Բալթյան երկրները նույնպես ցանկանում են օգնել Ուկրաինային. ըստ ամերիկյան «Politico» հրատարակության, նրանք ԱՄՆ-ին խնդրել են թույլ տալ իրենց ամերիկյան արտադրության զենքերի մի մասը փոխանցել Ուկրաինա (այս ընթացակարգը նախատեսված է ԱՄՆ արտահանման վերահսկման կանոններով): Պետդեպարտամենտը երեկ հավանություն է տվել տվյալ խնդրանքին։ Ըստ «Reuters»-ի, Էստոնիան, ամենայն հավանականությամբ, «Javelin»-ի խմբաքանակ կուղարկի Ուկրաինա, իսկ Լիտվան՝ «Stinger» դյուրաշարժ զենիթահրթիռային համալիրներ։

Չեխիան, իր հերթին, մտադիր է հրետանային արկեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յանա Ցեխմեյստերովան։ Հետաքրքիր է` Չեխիայում պատկերացնո՞ւմ են, թե ռուս- ուկրաինական պատերազմի դեպքում ինչպես են պայթելու Ուկրաինային իրենց տրամադրած արկերը ռուսական հրթիռների ճշգրիտ հարվածներից հետո, բա շրջակա միջավայրը, թեկուզև Ուկրաինայում, ափսոս չէ՞…

Բացի վերոնշյալից, ՆԱՏՕ-ն կարծես մտադիր է, ի հակառակ ՌԴ պահանջի, ուժեղացնել իր ներկայությունը դաշինքի արևելյան սահմաններում: Նպատակն առնվազն ճնշում գործադրելն է Ռուսաստանի նկատմամբ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ չէր բացառել ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններում դաշինքի ուժեղացման հնարավորությունը, մասնավորապես, խոսելով Լեհաստանի ու Ռումինիայի մասին։ Ինչպես անցյալ շաբաթ հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան բանակցում են իրենց տարածքներում դաշինքի զորակազմը մեծացնելու համար։

Մոսկվան արևմտյան երկրներին կոչ է անում «դադարեցնել Ուկրաինայի ռազմականացմանը նպաստելը ՝ նրան ներքաշելով ՆԱՏՕ»,- երեկվա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա մտավախություն է հայտնել, որ Կիևը կընկալի արևմտյան երկրների ռազմական օգնությունը որպես «քարտ բլանշ` Դոնբասում ռազմական գործողություն իրականացնելու համար»։

Հունվարի 10-ին Ժնևում կայացած բանակցություններից հետո ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Ուկրաինա Ռուսաստանի զինված ուժերի ներխուժման մտացածին սպառնալիքը չի կարող սակարկության առարկա դառնալ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում։  Ըստ նրա, ռուսական կողմը Ժնևում բանակցությունների ժամանակ բացատրել է, որ ինքը Ուկրաինայի վրա հարձակվելու պլաններ կամ մտադրություններ չունի, և այս առումով էսկալացիայի սցենարից վախենալու պատճառ չկա։

Փոխնախարարը նշել է նաև Արևմուտքի մասնագիտացված կառույցների կողմից Ուկրաինայի վրա Ռուսաստանի իբր մոտալուտ հարձակման մասին ապատեղեկատվության սփռման մասին, որի թիրախը նաև ուկրաինական հասարակությունն է: Ռյաբկովը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի զորավարժություններ անցկացնել իր տարածքում՝ չնայած ՆԱՏՕ-ի բոլոր առարկություններին։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան