2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 10

Սկիզբը` այստեղ 

Որ ամերիկյան բանակն անմիջական մասնակցություն չի ունենալու ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմին, և ԱՄՆ-ը փորձելու է ուրիշների, այդ թվում ուկրաինացիների ձեռքերով կրակից շագանակներ հանել, ինչ մասին գրել էինք այս հոդվածի նախորդած մասում, իր հաստատումը ստացավ «Associated Press»-ում հրապարակված սյունակագիր Ռոբերտ Բերնսի «Որո՞նք են Ուկրաինային օգնելու ԱՄՆ ռազմական տարբերակները» վերտառությամբ հոդվածում:

Ինչպես գրել է Բերնսը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի նախատեսում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» դեպքում՝ Ուկրաինայի նկատմամբ պայմանագրային պարտավորությունների բացակայության պատճառով։ Նրա խոսքով` Մոսկվայի հետ հակամարտության մեջ Վաշինգտոնի մուտքը «հսկայական արկածախնդրություն» կլինի։

«Այս պատերազմը կարող է ազդել ողջ Եվրոպայի վրա, հանգեցնել տարածաշրջանի ապակայունացման և վերածվել միջուկային հարվածների փոխադարձ փոխանակման»,- եզրահանգել է Բերնսը։

Այո, դա այդպես է, միայն թե հակամարտության մեջ ամերիկյան բանակի անմիջական ներգրավումը, մեղմ ասած, կազդի ոչ միայն տարածաշրջանի, ողջ Եվրոպայի, այլև ողջ աշխարհի, ներառյալ` Միացյալ Նահանգների վրա, քանի որ եթե պատերազմ բռնկվի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, ապա չափազանց քիչ է հավանականությունը, որ այն կունենա սահմանափակ բնույթ` թե միմյանց հասցվող հարվածների քանակի, թե պատերազմի ծավալման տարածքի առումներով:

Միաժամանակ գրեթե բացառված է վերոնշյալ պատերազմի դուրս չգալը սովորական սպառազինության օգտագործման շրջանակից: Ինքնին պարզ է, որ Պանդորայի արկղը բացելուց հետո կողմերն այլևս կկորցնեն իրավիճակի նկատմամբ հսկողությունը, իսկ միջուկային զենքի գործածմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծումը կործանարար կլինի բոլորի համար:

Ավելի վաղ Ջո Բայդենը սպառնացել էր Ռուսաստանին հետևանքներով, եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվի՝ նշելով, որ Մոսկվան կանգնած է «ծանր ընտրության» առջև։

Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի մեղադրանքներն այն մասին, որ մտադիր է հարձակվել Ուկրաինայի վրա։ Կրեմլում կարծում են, որ նման հայտարարություններն օգտագործվում են Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն ընդլայնելու համար: Միաժամանակ, ըստ Մոսկվայի, այդ հայտարարությունները հուշում են, որ Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ, հովանավորությամբ ու խրախուսմամբ  մտադիր է Դոնբասում մեծամասշտաբ նոր պատերազմ սանձազերծել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ երկիրը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Նրա խոսքով` դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է գերիշխող տպավորության մասին, որ Ուկրաինան ռազմական գործողություն է ծրագրում Դոնբասում, և հավելել` «միգուցե պետք է պատրաստվել դրան»։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է մոտ ապագայում մտածի իր անվտանգության հեռանկարների մասին։

Պատերազմին անմիջական ռազմական մասնակցության փոխարեն, ինչպես արդեն նշել ենք, Միացյալ Նահանգներն Ուկրաինային խոստացել է տրամադրել զենքեր, զինամթերք, ռազմական տեխնիկա, հետախուզական տեղեկություններ և այլն, ավելի ճիշտ, արդեն իսկ տրամադրում է: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հունվարի 18-ին Ուկրաինայի երկնքում գրանցվել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի RC-135W Rivet Joint ռազմավարական հետախուզական ինքնաթիռի բազմաժամյա թռիչքը: Այն մի քանի անգամ գնացել- եկել է Դոնբասի և Ղրիմից դեպի հյուսիս սահմանազատման գծի երկայնքով:

Կիև և Բեռլին այցերից հետո վաղը, ինչպես արդեն հայտնի է, Ժնևում հանդիպելու են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Մինչ այդ նրանք հեռախոսազրույց են ունեցել, ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի կայքի, հիմնականում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական նախաձեռնության շուրջ:

Կասկածից գրեթե դուրս է, որ հունվարի 21-ի հանդիպմանը նույնպես այդ երաշխիքները չեն տրվելու Ռուսաստանին, ինչի մասին հուշում է Բլինկենի ասածը, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պետք է մասնակցեն եվրոպական անվտանգության հարցերի քննարկմանը: Մինչդեռ, ինչպես գիտենք, ՆԱՏՕ-ին անդամակցելն Ուկրաինայի մոլեռանդ ձգտումն է և նա չի հրաժարվելու դրանից, միաժամանակ ՆԱՏՕ-ն վճռականորեն մերժել և մերժում է իր կազմում Ուկրաինային և Վրաստանին չընդգրկելու, դեպի արևելք չընդարձակվելու ՌԴ պահանջները:

Լավատեսության որևէ հիմք չկա նաև Ուկրաինայի հարցում առկա լարվածությունը վաղվա հանդիպմանը մեղմելու առումով: Պետքարտուղարը նույն հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է ԱՄՆ-ի «անսասան աջակցությունն» Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Միաժամանակ, ինչպես նշել է Պետդեպարտամենտը, Էնթոնի Բլինկենը ռուս գործընկերոջը հավաստել է դիվանագիտական ​​համագործակցությունը հանուն դեէսկալացիայի շարունակելու իր պատրաստակամությունը: Սա, սակայն, զուտ ամերիկյան կեղծավորություն է:

Ի՞նչ խոսք կարող է լինել դիվանագիտական ​​համագործակցությունը հանուն լարվածության մեղման շարունակելու մասին, երբ ԱՄՆ պետքարտուղարը Բեռլինում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքի հետ այսօրվա մամուլի ասուլիսում ասել է. «Հարկ է նշել, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարով գազ չի հոսում։ Սա նշանակում է, որ այն (խողովակաշարը) հանդիսանում է ազդեցության լծակ Գերմանիայի, ԱՄՆ-ի ու մեր դաշնակիցների, այլ ոչ թե Ռուսաստանի համար»։

Պետքարտուղարի խոսքով՝ Մոսկվայի հնարավոր սցենարները ներառում են «հիբրիդային հարձակումներ և հարձակումներ՝ օգտագործելով զինված կազմավորումներ»։

Ի՞նչ խոսք կարող է լինել դիվանագիտական ​​համագործակցությունը հանուն լարվածության մեղման շարունակելու մասին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բլինկենի այս կեղծ հավաստմանը գրեթե միաժամանակ սպառնացել է, որ Վաշինգտոնը «երբեք չտեսնված պատժամիջոցներ» է պատրաստում Ռուսաստանի համար Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան