50-60 տարի առաջ անհնար կթվար, որ անհայտ քաղաքական գործիչը կարող է մոտ երեք ամսում դառնալ երկրի առաջնորդ. Արմեն Սարգսյան

Հնարավոր է՝ 50 կամ 60 տարի առաջ անհնար թվար պատկերացնել, որ հանրությանն անհայտ քաղաքական գործիչը կարող էր շատ արագ հայտնի դառնալ և մոտ երեք ամսում դառնալ երկրի առաջնորդ: Այս մասին, Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում Sky News Arabia հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Sky News Arabia – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի մասնակցությունը Դուբայի «Էքսպո 2020»-ին: Արդյո՞ք այն արտացոլում է Հայաստանի էթնիկական հատկանիշները և զարգացող տեխնոլոգիական ձգտումները:

-Թույլ տվեք սկսել՝ ներկայացնելով իմ գնահատանքի խոսքերը «Էքսպո 2020»-ի և Աբու Դաբիի կայունության շաբաթին նվիրված համաժողովի վերաբերյալ: Կարծում եմ՝ այստեղ հիանալի մթնոլորտ եք ձևավորել: Սա լավ հարթակ է ոչ միայն բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այստեղ՝ Էմիրություններում, այլ նաև՝ միջազգային երիտասարդության համար, ովքեր կարող են գալ և տեսնել:

Մինչ այսօր ես անցել եմ կյանքի չորս փուլով. առաջին փուլում գիտնական, ֆիզիկոս, մաթեմատիկոս էի: Երկրորդում դիվանագետ էի, երրորդում՝ ազատ մարդ, բիզնես գործունեություն էի ծավալում, չորրորդում նախագահ եմ և նայում եմ դեպի ապագա: Ես մշտապես կապված եմ եղել գիտության ու տեխնոլոգիաների հետ և տեսնում եմ այս երկրի մեծ աճն այդ ոլորտներում: Կան որոշ կառույցներ, միջավայրեր կամ շնորհանդեսներ, որոնք բնորոշում են այս կամ այն երկիրը, սակայն, ի վերջո, այդ ամենի հիմքում տեխնոլոգիաներն են, որոնք միտված են ապագային: Մեր ապագան տեխնոլոգիապես առաջադեմ աշխարհ կառուցելն է: Պետք է ստեղծենք ապագա, որը կանխատեսելի, կայուն լինի: «Կայուն» բառը, հնարավոր է, շատ իմաստներ ունի: Այն կարող է նշանակել կառուցել մի բան, որը կանխատեսելի է, հստակ է, ինչ-որ բան, որն անորոշության զգացողություն չի առաջացնում: Այսօր մեզ շրջապատող աշխարհն, ըստ էության, այդպիսին է՝ ամենուր առնչվում ես անորոշությանը: Դրա համար կան մի շարք պատճառներ: Որոշ մարդիկ ասում են, որ պատճառը COVID-ն է, ոմանք ասում են՝ COVID-ի պատճառով է աշխարհը փոխվել, ասում են նաև, որ միջազգային կազմակերպությունները ձախողել են կամ ավելի թույլ են դարձել, իսկ որոշ մարդիկ էլ ասում են, որ աշխարհը միաբևեռից դարձել է բազմաբևեռ և այլն:

Այդ հարցին իմ պատասխանը հետևյալն է. աշխարհը փոխվել է, քանի որ այն փոխվել է հիմնովին: Որպես նախկին ֆիզիկոս՝ կարծում եմ, որ այս աշխարհը քվանտային է: Այն այլևս այն դասական աշխարհը չէ, որը մենք գիտեինք նախկինում: Մենք, որպես անհատներ, մեզ դրսևորում ենք քվանտային մասնիկների նման, քանի որ փոխկապակցված ենք: Մենք լույսի արագությամբ ենք հաղորդակցվում, ապրում ենք շատ բարդ աշխարհում, որը նոր է ու քվանտային: Այն փոխում է խաղի կանոնները: Մարդիկ ճանապարհորդում են մեծ ինքնաթիռներով և ժամերով գտնվում են նույն վայրում, շնչում են նույն օդը: Ուստի զարմանալի չէր, որ Չինաստանում հայտնաբերված COVID-ի մեկ դեպքն այդքան արագ տարածվեց, և հաջորդ դեպքը հայտնաբերվեց արդեն Արգենտինայում, և այդպես շարունակ: Այսպիսով՝ COVID-ը փոփոխությունների պատճառը չէ: Աշխարհը փոխվել է, և այդ իսկ պատճառով մենք ունեցանք COVID-ը, հնարավոր է՝ մեկ ուրիշ բան էլ հայտնվի:

Իսկ ո՞րն է լուծումն այս պարագայում: Ինչու՞ ենք հասել այս կետին: Պատճառը գիտական և տեխնոլոգիական առաջընթացն է: Մարդկությունն անցել է առաջին, երկրորդ արդյունաբերական հեղափոխության միջով և սովորել է՝ ինչպես այրել փայտը, ածուխը էներգիա ստանալու համար: Հետո ստեղծեցինք համակարգիչը, որը մեկ այլ հեղափոխություն առաջացրեց: Այսօր ապրում ենք մշտական, հաստատուն հեղափոխության շրջանում: Ես այն անվանում եմ R-evolution, որում R-ն նշանակում է rapid՝ արագ, սրընթաց: Մենք ամեն օր նորարարություններ ենք անում, նոր գաղափարներ ենք մտածում, և այդպիսով աշխարհը շատ արագ և փոխկապակցված է դառնում: Այդ իսկ պատճառով շատ հաճախ նկատում ենք, որ այդ հեղափոխությունները շատ ավելի արագ են տեղի ունենում, քան որոշ ինստիտուտներ կամ մեր վարքագիծը կարողանում են արձագանքել:

Sky News Arabia – Ի՞նչ կարող եք ասել քաղաքականության մասին: Ինչպե՞ս կարող են այս բոլոր փոփոխություններն ազդել քաղաքականության, տարածաշրջանի վրա:

-Վերջերս որդուս հետ ավարտեցինք գիտական մի աշխատություն, որը անվանեցինք «Նոր քվանտային աշխարհ»: Այն քաղաքականության քվանտային վարքագծի մասին է: 30, 60 կամ 100 տարի առաջ երկրորդական թվացող գործոններն այսօր էական են դառնում, ինչպես նաև այն, թե ինչպիսի քաղաքականություն ես վարում: Հնարավոր է՝ 50 կամ 60 տարի առաջ անհնար թվար պատկերացնել, որ հանրությանն անհայտ քաղաքական գործիչը կարող էր շատ արագ հայտնի դառնալ և մոտ երեք ամսում դառնալ երկրի առաջնորդ: Այսօր արդեն ամբողջ աշխարհում դրա մի շարք օրինակներ կան: Քաղաքականության կողքին մշտապես եղել է զվարճանքը (entertainment). հին Հռոմում կային գլադիատորները…. Մեր օրերում զվարճանքն ու քաղաքականությունը զուգորդվել են, շատ քաղաքական գործիչներ սկսել են քաղաքականությամբ զբաղվել, քանի որ լավ զվարճացնողներ (entertainer) էին: Արդյունքում ստացվում է իրական և զվարճանքի քաղաքականությունների համադրություն: Երբեմն մենք սա նաև անվանում ենք պոպուլիզմ: Այս ամենի հիմքում սրընթաց (R-evolution) հեղափոխությունը, նոր տեխնոլոգիաներն են: Որքան տեխնոլոգիաները զարգանան, այնքան մեզ շրջապատող աշխարհը կփոխվի: Կփոխվեն բիզնեսի կամ քաղաքականության իրականացման, շրջակա միջավայրը պահպանելու կամ այն վնասելու եղանակները: