Խոշտանգումների դեպքերով քրգործերը կքննի պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմինը․ նոր կարգավորում

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:

Մասնավորապես, օրինագծերով առաջարկվում է՝ խոշտանգման վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը ինչպես գործող քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր քրեական դատավարության օրենսգրքով վերապահել ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին՝ ելնելով նմանատիպ գործերը անկախ մարմնի կողմից քննելու անհրաժեշտությունից, և ըստ այդմ՝ խմբագրել քննչական ենթակայությանը վերաբերող կարգավորումները:

Նախատեսվում է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կատարված հանցագործությունների (այդ թվում՝ խոշտանգման) վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացումը վերապահել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին՝ ապահովելու քննության օբյեկտիվությունը: