Իրան-Ռուսաստան համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանում ու աշխարհում անվտանգության ամրապնդմանը. Ռաիսի

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ճանապարհին սահմանափակումներ չկան: Թեհրան-Մոսկվա գերազանց հարաբերությունները գտնվում են ռազմավարական հարաբերությունների մակարդակում»: Գրում է ParsToday-ը:

Չորեքշաբթի օրը, Մոսկվայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռաիսին անդրադարձել է տարածաշրջանում և աշխարհում երկու երկրների կարևոր դերին, նշելով. «Իրան-Ռուսաստան համագործակցության ամրապնդումը կնպաստի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը և  տարածաշրջանում ու աշխարհում անվտանգության ամրապնդմանը»:

Նշելով, որ անկախ երկրների հետ Իրանի համագործակցությունն ընդլայնվում է՝ անկախ միջազգային զարգացումներից, ԻԻՀ նախագահը հավելել է, որ երկու երկրները համագործակցում են այնպիսի հարցերում, ինչպես՝  ահաբեկչության, կազմակերպված հանցագործության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը: Նա հավելել է. «Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության հաջողված փորձը կարող է կիրառվել նաև Կովկասում ու Աֆղանստանում»:

Կարևորելով Կովկասում սահմանների անձեռնմխելիությունը և տարածաշրջանում ազգային ինքնիշխանության պահպանումը, Ռայիսին ընդգծել է տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ուղղված համագործակցության անհրաժեշտությունը, հավելելով, որ ՆԱՏՕ-ի ազդեցությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում սպառնում է անկախ պետությունների ընդհանուր շահերին։

Ռայիսին նշել է, որ Աֆղանստանում կայունության և կայուն անվտանգության միակ ուղին բոլոր էթնիկ խմբերի  մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորումն է, հավելելով. «Վերջին 40 տարիներին, Իրանը, Ռուսաստանի նման, կանգնած է եղել ԱՄՆ-ի դեմ»:

ԻԻՀ նախագահը հաջողված փորձ է որակել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը և ընդգծել այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։ Նա ասել է. «Սիրիայի ամբողջ տարածքի և միջազգային սահմանների վրա կառավարության ամբողջական ինքնիշխանությունը միակ միջոցն է Սիրիայում անվտանգության ապահովման համար: Պետք է դադարեցնել այդ երկրում օկուպանտների ու ահաբեկիչների՝ իրար փոխարինելու արատավոր շրջապտույտը»:

Նա նշել է, որ Աստանայի բանակցությունները լավ հնարավորություն են սիրիական խնդրի դիվանագիտական ​​լուծման հարմար: