Փաշինյանն անդրադարձավ նախկինում ՀԱՊԿ-ի մասին հնչեցրած իր հայտարարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱՊԿ-ին ու Ղազախստան արագ արձագանքման ուժեր ուղարկելու որոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Պատգամավորը միացրեց ձայնագրություն, որում նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր ՀԱՊԿ-ի մասին, որում առաջարկում էր նաև հստակեցում մտցնել, թե կազմակերպության շրջանակում ի՞նչ պարտավորություններ կան, պարզաբանել, թե Ղազախստանը ՀՀ-ի նկատմամբ ի՞նչ պարտավորություններ ունի և ՀՀ-ն՝ Ղազախստանի նկատմամբ: «Ղազախստանը մեր նկատմամբ ի՞նչ պարտավորություններ ունի, և մենք Ղազախստանի նկատմամբ ի՞նչ պարտավորություններն ունենք ի վերջո, որ հայ զինվորը գնացել էր Ղազախստանի ներքաղաքական վիճակը հանգուցալուծելու»-հարցրեց պատգամավորը:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Խամոյանին ձայնագրությունը հրապարակելու համար: «Դուք ճշգրիտ հրապարակեցիք այն օրակարգը, որը ես ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելով, քննարկել եմ ՀԱՊԿ-ում՝ իհարկե մի քիչ այլ բառապաշարով, իհարկե մի քիչ այլ տոնայնությամբ, այլ կարգավիճակով»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով Ղազախստանի դեպքերին՝ նա առաջարկեց մի քիչ էլ հետ գնալ և դրանից հետո իր արած հայտարարությունների մասին խոսել: «Մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ում, այդ թվում նախագահության ժամկետում մեր առաջնահերթությունը ՀԱՊԿ-ի արագ արձագանքման, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է, որպեսզի հասկանանք՝ այդտեղ աշխատող մեխանիզմ կա՞, թե՞ չկա»,-ասաց նա:

Փաշինյանի վստահեցմամբ՝ այդ ձայնագրության մեջ նշված բացարձակապես ամեն ինչը հնչեցրել է ՀԱՊԿ-ին աշխատանքային մակարդակում, ընդ որում որոշ հատվածներ հնչել է հրապարակային: «Եվ, երբ եկել է պահը, երբ մենք պետք է  գործողություն ձևակերպենք մեր ամբողջ օրակարգի վերաբերյալ, այո, ես կայացրել եմ որոշում՝ իհարկե Հավաքական անվտանգության պայմանագրի մյուս գործընկերների հետ, և առաջին անգամ ՀԱՊԿ-ի պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ: Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ է. իհարկե լավ է, արդյո՞ք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրված են. ոչ, տրված չեն»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների մտքին, որ ՀՀ 40 քառ. կմ տարածք անցել է հակառակորդի հսկողության տակ, նա ընդգծեց, որ նախկինում էլ ՀՀ 70-ից ավելի քառ. կմ տարածք եղել է և մինչև այսօր էլ շարունակում է մնալ ոչ Հայաստանի հսկողության տակ: «Բա ինչի՞ նախկինում ՀԱՊԿ-ին չեն դիմել այս հարցերով: Այն, ինչի մասին դուք այստեղ խոսում եք, ոչ թե ընդդիմության, իշխանության բանավեճի թեմա է, այլ պրոբլեմատիկա է, որը իմ ձայնագրության մեջ ամբողջությամբ արտահայտված է, և դա որևէ մեկը չի թաքցնում: Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է ասել, որ ինչ-որ ռեալ հնարավորություն կա, որ մենք ՀՀ-ի շահերից բխող կոնկրետ գործողություններ անենք և մենք ձեռնպա՞հ ենք մնում դրանից»,-ասաց նա:

Նա շեշտեց՝ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ գրված է, որ ՀԱՊԿ-ն առաջին հերթին գործողությունները ձեռնարկում է քաղաքական, դիվանագիտական մեթոդներով: «ՀԱՊԿ-ը բանակ չէ, այն առաջին հերթին ռազմաքաղաքական կազմակերպություն է»,-ասաց նա:

Խամոյանը կրկին հարցրեց՝ ինչո՞ւ հայ զինծառայողը գնաց Ղազախստանի ներքաղաքական կյանքը հանգուցալուծելու, ի՞նչն է խանգարում Փաշինյանին դիմել 4-րդ հոդվածով, որ ադրբեջանցի զինծառայողները դուրս շպրտվեն ՀՀ սուվերեն տարածքից:

Ինչ վերաբերում է ՀՀ-ՀԱՊԿ հետագա հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց. «ՀՀ կառավարությունն ունի բավարար լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում և ըստ նպատակահարմարության կայացնել որոշումներ, և այն դեպքերում, երբ նպատակահարմար չէ, արդյունավետ չի լինի այդ որոշումը, չկայացնել դա»:

Նա վստահեցրեց, որ նման որոշումների կայացման հնարավորության մասին երբեք չեն մոռանում: