Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը կցուցադրվի առանձին դարակաշարերում

ՀՀ  Ազգային ժողովը հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ  քննարկել է  ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղեկացմամբ` առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով, համաձայն որի` մանրածախ առևտրի կետերում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում այնպես, որ հստակ երևա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը` բուսական յուղով կամ այլ պարունակությամբ` կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով: Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ»  ընթեռնելի նշումով:

Նախագծի նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն է, այդպիսով գնորդները միանգամից կտեսնեն, թե ինչպիսի պարունակություն ունի տվյալ կաթնամթերքը:

Նախարարը հայտնել է, որ օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչպես նաև մասնավոր սեկտորի  հետ: Առաջարկվել է սահմանել, որ կարգավորումը պետք է վերաբերի որոշակի մակերեսից մեծ տարածք ունեցող խանութներին` հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները: Նախաձեռնության հեղինակն ընդունել է առաջարկը: