Կատակով արված արտահայտություն է․ Վահան Քերոբյանը՝ իր հրաժարականի մասին

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց Քերոբյանին․ «Եթե հիշում եք խոսքերը՝ «ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի… հրաժարական կտամ», ապա ինչո՞ւ հրաժարական չեք տալիս, թե ձեր խոստումը, օրինակ, մնացել է տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ, այսինքն, ըստ ձեր տրամաբանության, խցանման մեջ»:

Քերոբյանն ասաց, որ ձայնագրությունը կիսատ է, իսկ եթե ամբողջությամբ միացնի, բոլորի համար պարզ կլինի, որ իր արած արտահայտությունը կատակով է արված:

«Իհարկե, կարող եք ծիծաղել, ձեր իրավունքն է», – ընդդիմադիր պատգամավորներին ասաց էկոնոմիկայի նախարարը:

Այնուհետև Քերոբյանը հարցով դիմեց Արեգնազ Մանուկյանին, թե արդյո՞ք նման պատվախնդրությամբ գնում ու թակում են Արժույթի միջազգային հիմանադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և մյուս միջազգային կազմակերպությունների դռները, որոնք նույնպես կանխատեսումներ արել են ու վրիպել են շատ ավելի շատ, քան ինքը:

Արեգնազ Մանուկյանն արձագանքեց. «Հասկանում եք՝ այսպիսի պատասխաններից հետո մենք, փաստորեն, ձեր բոլոր խոսքերը պետք է ստիպված լինենք ընդունել կատակով:

Ասում եք՝ կատակով եք ասել հրաժարական կտաք, իսկ ես ամենայն լրջությամբ ասել եմ՝ որ, այդ խոստումը տալով՝ պարզապես ստել եք»: