Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի՝ հունվարի 18-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը։

«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցը Ուկրաինա՝ քննարկվել են  ներուկրաինական կարգավորման հարցերում սայթաքումները՝ Կիևի կործանարար  ուղղվածության պատճառով։ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ  իր շփումների մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի դրանից, կողմերը մտքեր են փոխանակել Ղազախստանում տիրող իրավիճակի շուրջ։ Ղեկավարները գոհունակություն են հայտնել, որ «իրավիճակը արագորեն կայունացել է, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առկայության շնորհիվ»։

Կրեմլը մանրամասնել է, որ բանակցությունների ընթացքում հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հնարավորությունները ։