Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ․ Վահե Հովհաննիսյան

Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով։ Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ Բայց, մեծ հաշվով, դա բովանդակային մեծամասնություն չէ։

Կա ընդդիմություն՝ ինքն իր համար, ֆորմալ առումով՝ երկու դաշինքից, բայց իրականում բազմաթիվ «ենթաշտամերով», յուրաքանչյուրն իր հաշվարկով, շահով, հարաբերություններով։

Կա ինքն իր համար բանագնաց, որը պետք է բանակցի Թուրքիայի հետ՝ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի պատմության անունից, ու հանդես է գալիս հայաթի ջահելի վարքագծով։ Ու սա ոչ թե մտահոգություն, այլ ավելի պարզ՝ անգամ վախ չի առաջացնում հայ հասարակության մեջ։

Կա օրենքի նախագիծ՝ առձեռն շրջանառության մասին, որը վերաբերելու է բոլորին, բայց այն ինքն իր համար է քննարկվում։ Եվ երբ մեծահարուստ պատգամավորը պաշտպանում է այն, հասարակության լայն շերտերի կողմից չկա ոչ մի հակազդում, որ Հայաստանում մեծ մասն ապրում է Մոսկվայից Վլադիվոստոկ բորդյուր սարքելու կամ շինարարությունից առձեռն եկող կամ Գլենդելից ուղարկվող կանխիկ փողերով։ Ոչ ոք չի ասում նաև, որ գովերգվող վարկային պորտֆելում ահռելի տեղ են զբաղեցնում սպառողական վարկերը, որոնք լուրջ ռիսկ են թե´ բանկերի, թե´ ողջ տնտեսության համար։

Կա ինքն իր համար ՏԻՄ ընտրություն, որին ԱԺ տիտղոսային ընդդիմությունը չի մասնակցում։ Փոխարենը մասնակցում են տեղական էլիտաները։ Սա մի առանձին աբսուրդ է, բայց ավելի մեծ աբսուրդ է, որ նրանք հաղթում են իշխող ուժին։ Եվ անմիջապես ինքն իր համար գործող իրավապահ համակարգը սկսում է նրանց վրա քրեական գործեր հարուցել ու բանտարկել։ Ինքն իր համար ապրող Նիկոլն էլ իր պարտված թիմակիցներին նշանակում է համայնքապետեր։
Ու այս պայմաններում, ինքն իր համար գյուղապետը, որը երկու օր առաջ ընդդիմադիր էր, մեկ էլ դառնում է ՔՊ-ական։

Կան նաև ինքն իր համար Աննա Դանիբեկյան, որն ունի պոդիում դուրս գալու ֆիքսված օրեր՝ ամեն երեքշաբթի։ Այդ դատը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին հետաքրքիր չէ, ակնհայտորեն՝ նույնիսկ Նիկոլին ու Սիլվային, բայց շարունակվում է։

Մենք սրընթաց կորցնում ենք ամբողջական պետության և ամբողջական հասարակության հատկանիշները։ Եթե Թուրքիայի հետ բանակցողի վարքագիծը էլեմենտար վախ ու, հետևաբար, ընդվզում չի առաջացնում հասարակության շերտերում, կարելի է մտածել, որ Ալիևի առաջ քաշած նոր պայմանները, ժամկետները և սպառնալիքները նույնպես որևէ անհանգստություն չեն առաջացնում։ Ու երբ մի օր գա նոր աղետը, Նիկոլն իր սիրած ժանրում հանգիստ կասի՝ «բայց Ալիևը պարզ ասում էր, մարդը հրապարակային ասում էր, բա էն ժամանակ ռեակցիա տայիք, հիմա ի՞նչ եք վրես նայում»։

Նկարագրվածի մեջ ոչ մի հեգնանք չկա. սա պետականության ծանր ճգնաժամ է, որը պահանջում է ոչ ստանդարտ քայլեր։ Սա առաջին հերթին պահանջում է կոնսոլիդացիոն հռետորաբանությամբ լիդերներ, կոնսոլիդացիոն բովանդակությամբ քաղաքական-հանրային պրոցես։ Հակառակ դեպքում մենք՝ լայն հանրությունը, մեր պահվածքով ամեն օր ապացուցում ենք, որ այլևս ունակ չենք ընդվզել, որ քանդված են հասարակական ընդվզման բոլոր մեխանիզմները։ Սոցցանցային հատուկենտ հիստերիկ դրսևորումները միայն նպաստում են դրան, քանի որ ստեղծում են ընդվզման կեղծ տպավորություն, որը երբևէ չի ունենում որևէ հետևանք։ Ընդվզումը տանը թաշկինակի մեջ լացելը չէ։ Ընդվզումը խիստ մոտիվացված ռեակցիա է, բողոքը բոլորովին այլ դրսևորում պետք է ունենա, որպեսզի ազդի պրոցեսների վրա։ Եվ այն պահանջում է նաև որոշակի ռիսկ, գոնե՝ կոմֆորտի։ Որևէ հերթական ստատուս, ելույթ, հայտարարություն կամ զեկույց չեն կարող փոխել իրերի ընթացքը, եթե չեն ուղեկցվում կոնկրետ գործողություններով։ Ընդվզող մարդը, սոցցանցում լացակումած կամ ապոկալիպտիկ ստատուս գրելուց հետո անմիջապես չի անցնում կյանքի բնականոն ռեժիմին, մանավանդ, որ կյանքը ո´չ այդ պահին, ոչ՝ մոտ հեռանկարում բնականոն լինելու որևէ շանս չունի։

Ընդվզումը չի կարող ենթադրել՝ անձնական կոմֆորտի հարցերը լուծել, հեռու մնալ ամեն ինչից, մշտապես լինել դիտորդ ու մեղադրել ուրիշներին, թե ինչու մի բան չեն անում՝ «սրանցից պրծնելու համար»։

Հիմա վտանգը պետության կորուստն է, մեր ընտանիքների անվտանգությունը, մեր հայրենիքի չլինելը. պետք է սա գիտակցել ու որոշում կայացնել՝ անհատական և կոլեկտիվ մակարդակներով։ Հենց սա գիտակցենք, պրոցեսի բովանդակությունը կփոխվի, և ընդդիմադիր պրոցեսից կվերածվի հասարակական զանգվածային պրոցեսի։

Վահե Հովհաննիսյան
Ալընտրանքային նախագծեր խումբ