Գեներալ Մաքենզիի խոստովանությունները, որոնք տհաճ են Վաշինգտոնի համար

Օրերս աշխարհը շատ տարօրինակ, բայց հետաքրքիր խոստովանություններ լսեց ԱՄՆ-ից։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պաշտոնից հեռացող հրամանատար, ամերիկացի գեներալ Մաքենզին իր ծառայության ողջ ընթացքում անցկացրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում՝ փորձելով պայքարել Իրանի աճող ռազմական ներուժի դեմ: Նա դիտում էր, թե ինչպես է Իրանը խփում կամ վայրէջքներ հարկադրում ամերիկյան թանկարժեք անօդաչու թռչող սարքերին 2010 թվականից ի վեր, երբ Իրանը հրթիռներով և ժամանակակից անօդաչու սարքերով հարձակվում է ԱՄՆ ռազմակայանի վրա (Արևմտյան Իրաքում), և այժմ ամեն ինչ ավարտվում է ամերիկյան դառը խոստովանությամբ. Իրանն ավելի ուժեղ է, քան երբևէ: Մաքենզիի ժամկետը որպես CENTCOM հրամանատար ավարտվում է այս գարնանը, և նախագահ Բայդենը առաջադրում է բանակի գեներալ-լեյտենանտ Մայքլ Է. Կուրիլային որպես CENTCOM-ի հաջորդ ղեկավար: Ըստ Սպիտակ տան, «անգործունակությունը», իբր, եղել է Մաքենզիին փոխարինելու հիմնական պատճառը, որը, ի տարբերություն շատ այլ ամերիկացի գեներալների, սովոր էր Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իրերի վիճակի մասին քաղաքական դրդապատճառներով հայտարարություններ անել: Իսկ Իրանը նրա հայտարարությունների մեծ մասում ընդհանուր թեմա էր:

Բայց այս դեպքում, ինչպես մենք ենք համոզված, խոսքը պետք է լինի ոչ թե մեկ անձի՝ գեներալ Մաքենզիի, այլ ԱՄՆ նախագահների (որպես՝ գլխավոր հրամանատարների) և ռազմավարական կենտրոնների անգործունակության մասին։ Հիշեք՝ Իրանում «հեղափոխությունների» («ձվի» և «բենզինի») առնվազն երկու փորձ ձախողվեցին, տասնյակ ահաբեկչություններ չապակայունացրին Իրանի ներաշխարհը։ Կոնկրետ գեներալ Մաքենզին նման հարցեր չէր որոշում՝ որոշումներ կայացվում էին Վաշինգտոնի ամենավերևներում, նա ընդամենը կատարող էր։ Նա և CENTCOM-ը որպես ամբողջություն հաճախ նշում են, որ տարածաշրջանում իրենց առաքելությունը երկակի է՝ հակաահաբեկչության դեմ պայքար և խաղաղության պահպանում: Բայց դա այդպես չէ ըստ Մաքենզիի. վերջերս տեղի ունեցած մասնավոր հանդիպման ժամանակ, լրատվամիջոցների տեղեկացմամբ, և դա՝ ամերիկյան լրատվամիջոցներն էին, Մաքենզին լույս սփռեց CENTCOM-ի իրական նպատակների վրա: Նա հասկացրեց, որ CENTCOM-ի առաքելությունը խաղաղություն ապահովելը չէ՝ համաձայն «Խաղաղությունը մեր մասնագիտությունն է» կարգախոսի։ Փոխարենը, իրական խնդիրը, որը ցանկանում է իրականացնել CENTCOM-ը, անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ի համար ռազմական տարբերակներ պատրաստելն է: «Ես STRATCOM-ի հետ միշտ քննարկում եմ «խաղաղությունը մեր մասնագիտությունն է» կարգախոսը և մարտահրավեր եմ նետում դրան, – հանդիպման ժամանակ ասել է CENTCOM-ի հրամանատարը։ -Իրականում, կարծում եմ, CENTCOM-ում մենք չենք ասում, որ խաղաղությունը մեր մասնագիտությունն է. ավելի շուտ, հզոր մարտական ​​ազդեցություն ունենալու կարողություն, երբ դա անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին: Դա մեր մասնագիտության բնույթն է»։

Սա կտրուկ հակասում է դրան, ինչ Մաքենզին փորձում էր պատկերել իր պաշտոնավարման ընթացքում: Օրինակ, 2020 թվականի դեկտեմբերի վերջին, երբ մոտենում էր ԱՄՆ-ի կողմից Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցը, ԱՄՆ-ը սկսեց ռազմական դիրքորոշում որդեգրել տարածաշրջանում: Ամերիկյան երկու B-52 ռմբակոծիչներ թռել են Պարսից ծոցի վրայով։ Մաքենզին փորձում էր այս ուժի ցուցադրման առաքելությունը ներկայացնել որպես տարածաշրջանային «անվտանգությունն ու կայունությունը» պաշտպանելու փորձ: «Ռազմավարական ռմբակոծիչների անդադար թռիչքները ամբողջ աշխարհով մեկ և դրանց արագորեն ինտեգրումը մեր մի քանի տարածաշրջանային գործընկերների կողմից ցույց է տալիս մեր սերտ աշխատանքային հարաբերությունները և մեր ընդհանուր նվիրվածությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը», – ասել է նա այն ժամանակ «The New York times»-ին տված հարցազրույցում: Սակայն Մաքենզիին չհաջողվեց  հասնել Իրանի դեմ «հզոր մարտական ​​էֆեկտների»: Աշխարհը, այդ թվում մենք՝ Հայաստանում, դրա վկան ենք։ Եվ, մասնավոր հանդիպման ժամանակ իր իսկ խոստովանությամբ, Իրանն այժմ ռազմական առումով շատ ավելի ուժեղ է, քան երբևէ: Մաքենզին նաև ասել է իր զրուցակիցներին, որ չնայած Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի «թուլացնող տնտեսական» ճնշմանը, Թեհրանին հաջողվել է ստեղծել «առաջին կարգի բալիստիկ հրթիռային ուժեր» նույնիսկ ԱՄՆ «տնտեսական պատժամիջոցների» պայմաններում։

Ամերիկացի գեներալը նկարագրել է, թե ինչպիսին է եղել իր առաջին իրական հանդիպումը Իրանի «ճշգրիտ հրթիռների» հետ։ Այն կատարվել էր Իրաքի արևմուտքում գտնվող Այն ալ-Ասադ բազայում: Երբ 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ը ահաբեկչական ակտով սպանեց գեներալ Սոլեյմանիին, Իրանը ձեռնարկեց իր տեսակի մեջ առաջին ռազմական գործողությունը Միացյալ Նահանգների դեմ: Իրանը պատասխան զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Այն ալ-Ասադ բազայի վրա։ Հանդիպմանը Մաքենզին խոստովանել է, որ Իրանը հարվածել է իր թիրախներին «տասնյակ մետրի ճշգրտությամբ»: Միակ պատճառը, որ ԱՄՆ-ը հետագա կորուստներ չկրեց, Մաքենզիի խոստովանությամբ, այն էր, որ իր զորքերը բազայում կարողացան վերաբաշխվել նախքան հարվածը: Նկարագրելով Իրանի աճող ռազմական կարողությունները՝ Մաքենզին ասաց, որ այդ հնարավորությունները Իրանին «գերազանց կարողություն» են տվել։ Նա նաև ասել է, որ Իրանը հասել է «գերակայության»՝ կարողությունների մի մակարդակի, որտեղ երկիրն ունի զենքեր, որոնք չափազանց դժվար է զսպել կամ հաղթել: «Իրանի ռազմավարական ներուժն այժմ հսկայական է,- ասել է Մաքենզին։ – Ռազմական օպերացիաների թատերաբեմում նրանք առավելություն ունեն՝ ճնշելու կարողություն»։ Բացենք գեներալի հայտարարությունների փակագծերը. Մաքենզին իր ղեկավարությանը և ԱՄՆ քաղաքացիներին ասաց, որ Իրանն այժմ անպարտելի է Ամերիկայի համար։ Եվ դա ձեռք բերվեց այն ժամանակ, երբ Մաքենզին և CENTCOM-ի նրա գործընկերներն անում էին հնարավոր ամեն բան՝ տարածաշրջանում Իրանի հնարավորություններն ու ազդեցությունը խաթարելու համար:

Ահա թե ինչու գեներալ Մաքենզին «հեռացվում է աշխատանքից»՝ քանի որ նա, աշխատելով տարածաշրջանում առնվազն վերջին 12-15 տարիներին, ճշմարտությունն է հայտնել Վաշինգտոնին, շատ չի ստել։ Նրան աշխատանքից ազատել են, իբր իր ոչ կոմպետենտ լինելու պատճառով այն վայրում, որտեղ երկար ժամանակ աշխատել է։ Նա կմիանա ԱՄՆ այլ պաշտոնյաների և հրամանատարների երկար ցուցակին, որոնք ցանկանում էին խարխլել Իրանը: Նրանք բոլորը գնացին, բայց Իրանը կանգնած է և կմնա։ Մաքենզիի գործը դաս է նրա իրավահաջորդի համար, որն, ինչպես ակնկալվում է, Մաքենզիից էլ ավելի մեծ մարտահրավերների հետ կբախվի: Մաքենզիի խոստովանություններում ընդգծվում է նաև, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում շատ ավելի թանկացել է։ Եվ որ հեռանալը (տարածաշրջանից) կարող է լավագույն տարբերակը լինել ԱՄՆ-ի համար: Սա նաև դաս է ողջ աշխարհի ՝ բոլոր ամերիկամետների համար աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում՝ մեզ մոտ Հայաստանում…

Սերգեյ Շաքարյանց