Ադրբեջանցիներն անարգել ելումուտ են անում ՀՀ սուվերեն տարածքում. Տիգրան Աբրահամյան

Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլև խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:

«Պատկերացրեք իրավիճակ, որ ևս 3 կմ պայմանական հետ ենք քաշվում: Հետ ենք քաշվում մեծ թվով բնակավայրերից, կոմունիկացիաներից, որոնք ստանում են, օրինակ, չեզոք գոտու կարգավիճակ: Իսկ ո՞վ է վերահսկելու ադրբեջանական հաջորդ ագրեսիան: Մինչև ո՞ւր ենք հետ քաշվում: Ո՞ւր է տրամաբանությունը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ իշխանությունը կամ չի գնահատել դրանից բխող Հայաստանի համար ստեղծվող նոր սպառնալիքները, կամ, շատ ավելի հավանական է, գիտակցաբար գնում է նոր կորուստների, զիջումների։

«Այս ընթացքում ադրբեջանական զորքերը տարբեր օպերացիաների, հարձակումների, ագրեսիայի արդյունքում անարգել ելումուտ են անում Հայաստանի սուվերեն տարածքում»,- նկատեց Տիգրան Աբրահամյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանն իր զինված ուժերի մոդեռնիզացիան, սպառազինության ներկրման փաստը օգտագործում է ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու և նոր զիջումներ ստանալու համար:
«Փաստացի, մեր խնդիրը ոչ միայն նրանում է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կանխել Հայաստանի Զինված ուժերի արդիականացումը, այլև նրանում, որ Հայաստանի իշխանություններն ականջալուր են լինում այդ հորդորներին, և այս իրավիճակում մեր Զինված ուժերը շարունակում են գտնվել այնպիսի վիճակում, որը չի բավարարում Հայաստանի քաղաքացիներին»,- պատգամավորը: