Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում թուրքական կողմը Հայաստանի հետ սկսված գործընթացում․ Թուրքագետ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «խաղաղասիրական» օրակարագի ներկայիս ջատագովները երբեք չեն անդրադառնում մի պարզ հարցի. իսկ ի՞նչ նպստակ է հետապնդում թուրքական կողմը Հայաստանի հետ սկսված գործընթացում: Իսկ Թուրքիայի ու տարածաշրջանի քաղաքականությանը մասնագիտորեն ծանոթ մարդիկ գիտեն, թե որոնք են Թուրքիայի նպատակներն ու իրական ցանկությունները:

Ուստի այսօրվանից կկիսվեմ Թուրքիա-Հայաստան քաղաքական հակամարտության հիմնական սկզբունքների հետ` թուրքական հայացքով:

***

1920թ. հայության «առաջադեմ» հատվածներում ևս կային քննարկումներ Թուրքիայի հետ հաշտվելու և անմոռաց եղբայրություն անելու կոչերով, որոնք հնչում էին հայ-թուրքական պատերազմի ժամանակ: Իսկ մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Մուհթար բեյը հեռագիր-կարգադրություն է ուղարկում Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշային` Հայաստանի հետ բանակցությունների նպատակի ու ձևի վերաբերյալ.

«… Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:…

Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երեւալուն…

Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը եւ բռնագրավել նրա զենքը` այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու եւ մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա եւ այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները: Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:*

Կարելի է գրեթե վստահությամբ պնդել, որ պստմությունը կրկնվում է, այս անգամ Քյազիմ Քարաբեքիր անվան փոխարեն կարելի է դնել, օրինակ, Սերդար Քըլըչ…

*Աղբյուրը` Սաֆրաստյան Ռ., «Մուստաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ», Երևան, 2019, էջ 87-89

 

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից