Պեսկովը ՆԱՏՕ-ին մեղադրել է «աստիճանաբար Ուկրանիա ներխուժելու» մեջ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները հասել են «կարմիր գծի»՝ կապված Ուկրաինայի նկատմամբ Հյուսիսատլանտյան դաշինքի մոտեցման հետ։ Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում։

«Մենք ականատես ենք լինում Ուկրաինայի տարածք ՆԱՏՕ-ի աստճանական ներխուժման՝ իր ենթակառուցվածքներով, հրահանգիչներով, պաշտպանական և հարձակողական զինատեսակների պաշարներով, ուկրաինացի զինվորականների պատրաստմամբ և այլն»,-ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովի խոսքերով, ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում Եվրոպայում կայունության և անվտանգության համար։ Նա նշել է, որ Մոսկվան «այլևս չի կարող հանդուրժել» իրադարձությունների նման զարգացումը։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի վարժանքների և դաշինքի ենթակառուցվածքների դեպի արևելք առաջխաղացման պատճառով ստեղծված «ոչ բարեկամական մթնոլորտի» ֆոնին Մոսկվան «ստիպված է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։