Արցախ այցելելուց և Ալիևի սպառնալիքներից հետո Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է անգործության մեջ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է անգործության մեջ՝ դեկտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղ կատարած այցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հանրապետության նախագահի ընտրության թեկնածուն եմ։ Եվ ես, ինչպես ինձանից առաջ շատ ֆրանսիացիներ, գնացել եմ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան… Սա մի տարածաշրջան է, որը վեճեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ես գնացի այնտեղ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ… Ադրբեջանի նախագահը միանգամայն ցնցող հայտարարություն արեց. «Եթե ես իմանայի, որ տիկին Պեկրեսն այնտեղ է, մենք թույլ չէինք տա, որ նա հետ գնա», – ասել է Պեկրեսը Europe 1 ռադիոկայանի եթերում։

Նա ընդգծել է, որ իր պարտավորությունների հիմքում ընկած է Արևելքի քրիստոնյաների խնդիրը, և այս առումով Հայաստանի պաշտպանությունը շատ կարևոր է։

«Սակայն Ֆրանսիայի կառավարության մահացու լռությունը, որը չի պաշտպանում նախագահի թեկնածուին, ցնցող է»,- հավելել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Պեկրեսը հայտնել էր, որ մտադիր է բողոք ներկայացնել Ադրբեջանի նախագահի հայտարարությունների պատճառով, որոնք նա համարում է սպառնալիք։