ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ սպառազինությունների կրճատումը

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 1997 թվականից դաշինքին միացած երկրներից զինվորականների դուրսբերումը հնարավոր չէ։ Նա նշել է, որ «յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր ճանապարհը՝ ցանկանա՞ լինել ՆԱՏՕ-ի նման դաշինքի անդամ, թե ոչ»։ Գրում է tvzvezda.ru-ն:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող զիջել եվրոպական, ազգային անվտանգության բացարձակապես առանցքային սկզբունքներին։ Նաև չենք կարող համաձայնել, որ 1997 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներում չպետք է լինեն ՆԱՏՕ-ի զինվորներ»,- նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Ստոլտենբերգն հայտնել է, որ որոշ երկրներից զինվորականների դուրսբերման դեպքում նրանք կարող են իրենց «երկրորդ կարգի անդամներ» զգան։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել միջուկային զենքի կրճատման հարցը և նրա անհանգստությունները՝ կապված իր սահմաններում տիրող իրավիճակի հետ։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր Ռուսաստանի հետ տարաձայնությունները հարթելու հնարավորության մասին։ Նա ասել է, որ հնարավոր է քաղաքական լուծում գտնել՝ հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները, միաժամանակ նշելով, որ հակամարտության վտանգը պահպանվում է։