Հաջորդ հնարավոր հանդիպումը չի կայանա երրորդ երկրում, այն կայանալու է կամ Հայաստանում, կամ Թուրքիայում․ Կարեն Հովհաննիսյան

Դատելով Թուրքիայից եկող արձագանքներից, կարելի է ասել, որ Թուրքիան այդքան էլ շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու երրորդ երկրի միջոցով։ Միևնույն ժամանակ, Թուրքիան կարծես թե շատ ավելի շեշտը դրել է ոչ թե հարաբերություններ կարգավորելուն, այլ աշխարհին ցույց տալու, որ հարևանների հետ փորձում է բարեկամական հարաբերություններ ստեղծել։

Այս առումով երեկվանից թուրք փորձագետները և վերլուծաբանները, ինչու չէ նաև քաղաքական գործիչները ակտիվորեն շրջանառում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հունվարի 14-ի հանդիպումը ողջունել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն , Ֆրանսիան, այլ երկներ, ինչպես նաև Մինսկի խումբ։ Ի դեպ Մինսկի խմբի հիշատակում այլ խոսակցության թեմա է, սրանով կարծես թե Բաքվի բռնապետին հասկացնում են, որ Մինսկի խումբը ու նրա կարծիքը կարևոր է, մինչդեռ բռնապետը հայտարարում է, որ Մինսկի խումբը անելիք չունի։

Թուրքիան նաև ակտիվորեն մատնանշում է, այսպես ասած, առաջին հաջողությունը՝ Թուրքիայի կողմից չարտերային թռիչքների վերսկսում դեպի Երևան, Երևանի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգոնի վերացում։ Ի դեպ, Թուրքիան նաև պաշտոնապես հրապարակել է 2021թ․-ի անուղղակի առևտրի մասին տվյալներ։ Ըստ հրապարակված տեղեկատվության, 2021թ․-ին Թուրքիայի և Հայաստանի միջև անուղղակի առևտրային շրջանառությունը կազմել է 3,8 մլն դոլար։

Չնայած կցկտուր տեղեկատվություն կա հունվարի 14-ի հանդիպումից, սակայն, դատելով որոշ հրապարակումներից և հայտարարություններից, հաջորդ հնարավոր հանդիպումը չի կայանա երրորդ երկրում, այն կայանալու է կամ Հայաստանում, կամ Թուրքիայում։ Էրդողանամերձ փորձագիտական դաշտը նաև պնդում է, որ ցանկացած բառ ու խոսք համաձայնեցվում է Ադրբեջանի հետ։

 

Թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից