Պատերազմի ուրվականը սավառնում է մոլորակի երկնքում

Դատելով արևմտյան և ռուսական լրատվամիջոցների արձագանքներից՝ հունվարի 10-ին և 12-ին Ժնևում կայացած ԱՄՆ/ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցությունները ձախողվել են։ Ամեն դեպքում, «անհաջող էին», ինչպես որակել է բանակցությունների արդյունքները Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի բանակցությունների շարքն անհաջող էր, կողմերը տարաձայնություններ ունեն սկզբունքային հարցերի շուրջ։ Բանակցությունները սկսվել են կոնկրետ սկզբունքային հարցերի կոնկրետ պատասխաններ ստանալու նպատակով։ Եվ այս սկզբունքային հարցերի շուրջ կան կարծիքների տարաձայնություններ։ Դա վատ է, դա կարելի է միայն մինուս համարել տեղի ունեցած երկու փուլերի համար»,- հայտարարել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք քաղաքական կամքի պակաս չի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու համար, ամերիկյան կողմն էր, որ չէր ցանկանում բանակցել։ Պեսկովը հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն, եթե սկզբունքային հարցերի շուրջ արդյունք լինի, կոնկրետ պատասխան։ «Ե՛վ առաջին, և՛ երկրորդ փուլերի համար, որքանով մենք հասկանում ենք, առաջիկա օրերին կարող ենք ակնկալել որոշակի գրավոր ձևակերպումներ»,- հավելել է նա։

Այս գնահատականները տրվել են երկու օր անց այն բանից հետո, երբ հունվարի 11-ին ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեպի Արևելք ՆԱՏՕ-ի դաշինքը չընդլայնելու հարցում Ռուսաստանի հետ փոխզիջման մեծ հնարավորություններ չկան։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ևս մեկ անգամ հայտարարել են, որ չեն հրաժարվի բաց դռների սկզբունքից և ստանձնելու պարտավորություններ՝ բացառելու նոր պետությունների մուտքը ՆԱՏՕ։ Առայժմ խոսքը, իհարկե, Ուկրաինայի ու Վրաստանի մասին է։ Բանակցությունների ձախողման անուղղակի վկայություն ենք համարում նաև այն, որ Դ. Պեսկովը պատասխանել է ԱՄՆ մի շարք խորհրդարանականների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ «պատժամիջոցներ կիրառելու «նախաձեռնությանը»։ «ԱՄՆ կոնգրեսականների առաջարկած հակառուսական նոր պատժամիջոցների նախագիծը դիվանագիտական ​​հարաբերությունների անխուսափելի խզման պատճառ կդառնա։ Այս հայտարարությունների և բանակցությունների ժամանակացույցը Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ է։ Դա անիմաստ է, քանի որ խոսքը պատժամիջոցների մասին է, որոնք իրենց էությամբ և հաշվի առնելով անխուսափելի համարժեք արձագանքը, իրականում կարելի է նույնացնել հարաբերությունները խզելու նախաձեռնության հետ։ Այս ձևակերպումները հնարավոր չէ այլ կերպ մեկնաբանել,- ասել է Պեսկովը։ – Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների կիրառումը բացառիկ միջոց է, որը համեմատելի է նաև հարաբերությունների խզման հետ։ Ի՞նչ է պատրաստ անել Ռուսաստանը. Ռուսաստանը միշտ պատրաստ է և միշտ կանի այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր երկրի շահերին»։

Շատ լավ նկատելի է, որ Կրեմլում  գրգռված են, թեև ձևացնում են, թե «ամեն ինչ կարգին է. պատրաստ են անվերջ բանակցել»։ Բայց ո՞ւմ հետ։ Պեսկովն անձամբ հաստատել է, որ հենց ԱՄՆ-ը չի ցանկանում բանակցել։ Չնայած դրան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փորձում է լավատեսություն դրսևորել։ Մասնավորապես, նա ինչ-ինչ պատճառներով Ժնևում ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցությունները (հունվարի 12) անվանել է «գործնական», սակայն նրա բացատրությունը անհամոզիչ է թվում. «Կարող եմ հաստատել մեր ասածը. բանակցությունները գործնական էին։ Արևմուտքի նման դիրքորոշումը բավականին կոշտ է, ինչ-որ տեղ ամբարտավան, անզիջում, այնուհանդերձ ասվել է հանգիստ, գործնական»,- նշել է նախարարը։ Նրա կարծիքով, բանակցությունների նկատմամբ այսպիսի մոտեցումը թույլ է տալիս հույս դնել այն բանի վրա, որ դրանք կընկալվեն ԱՄՆ-ում։ Միևնույն ժամանակ, Լավրովը միանգամայն հնազանդորեն կրկնում է Կրեմլի ձևակերպումը. «Արդեն հնչում է ոչ միայն Ուկրաինայի հետ սահմանից զորամասերը դուրս բերելու մասին, ինչպես իրենք են ասում, այլ այն մասին, որ այդ զորքերը «գնան զորանոցներ», Շերմանը հենց այդպես էր ասում՝ այդ թվում՝ հրապարակավ մամուլի ասուլիսում։ Նման պահանջների բացարձակ անընդունելիությունը, կարծում եմ, կարիք չկա բացատրելու, և, իհարկե, մենք չենք էլ քննարկի։ Պեսկովը, այսինքն՝ Կրմելը, ավելի կոշտ է վերաբերվել Ուկրաինայի հարցով հայտարարություններին. «Ի՞նչը պետք է դեէսկալացնենք այս ֆոնի վրա։ Եթե ​​ՆԱՏՕ-ն ուզում է մեզ թելադրել, թե ինչպես և որտեղ տեղափոխենք մեր զինված ուժերը Ռուսաստանի տարածքում, դա դժվար թե հնարավոր լինի, քանի որ խոսքը ռուսական տարածքի մասին է։ Ռուսաստանը չի տեղափոխում իր զինված ուժերը այլ պետությունների տարածքով։ Դա սկզբունքային կետ է»:

Իրավիճակի իրական բնույթի վրա որոշակի լույս է սփռել ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը RTVI-ի «Հատուկ հյուրը Թինա Կանդելակիի հետ» հաղորդաշարի եթերում։ «Ռազմական մասնագետները, ինչպես պաշտոնապես ասվել է, իրավիճակի վատթարացման դեպքում նախագահին անընդհատ տարբերակներ են առաջարկում։ Դա շատ ծանր սյուժե է: Հանրային տարածությունում այն ոչ մի կերպ չպետք է բացահայտվի, քանի որ դա ինքնին իրավիճակի ցնցում է։ Պետք է հնարավորություն տանք դիվանագիտությանը»,- ասել է Ռյաբկովը։ Սակայն նույնիսկ առանց խոսքերի պարզ է, թե ինչ դժվար սյուժեի մասին են լռում ռուս դիվանագետները… Նրա խոսքով, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ պատրաստ չեն բավարարել Ռուսաստանի՝ անվտանգության երաշխիքների հիմնական պահանջները՝ դաշինքը չընդլայնելու պահանջները՝ կրճատելով ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքը և վերադարձնելով այն իր սահմաններին 1997-ի դրությամբ, ինչպես նաև «իրավական պարտավորեցնող երաշխիքների մասին՝ համապատասխան համակարգերը մեր սահմաններին մոտ չտեղադրելու համար»: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը դաշինքի չընդլայնման հարցում, ըստ Ռյաբկովի, անթափանցելի է, իսկ Միացյալ Նահանգներն իրենց պատրաստակամությունն են հայտնում խոսել միայն իրենց հարմար անվտանգության երաշխիքների թեմաներով։ «Դա կարևոր է։ Բայց եթե չլիներ այնպիսի փոխված իրավիճակ, ինչպիսին է այսօր, եթե Մոսկվայի կողմից հարցի այնպիսի հրատապ բարձրացում չլիներ այն մասին, որ պետք է պայմանավորվել, քանի որ մենք նահանջելու տեղ չունենք… Մենք արդեն տեսնում ենք, որ հետագայում հակառակորդների դեմ կիրառվելու են այլ միջոցներ և այլ մեթոդներ, եթե նրանք հաշվի չառնեն մեր պահանջներն ու կարիքները»,- նշել է դիվանագետը։

Ինչպես տեսնում ենք, առայժմ ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված բարձրաձայն չեն արտահայտում «պատերազմ» բառը։ Բայց… ինչպես համոզված ենք, այս բառն արդեն «սավառնում է օդում»։ Սակայն հետաքրքիր արձագանք կա ԱՄՆ-ից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ բանակցություններից հաղթած դուրս եկավ․ այդպիսի եզրակացության է հանգել ամերիկյան The Hill պարբերականի սյունակագիր Աբրահամ Շաման։ Շամայի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարի հաղթանակն անվերապահ է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները։ Նա ընդգծել է, որ Պուտինի ժողովրդականությունը կաճի հատկապես այն երկրներում, որոնք մրցակցում են ԱՄՆ-ի հետ։ Պուտինը, ըստ ամերիկացի դիտորդի, հաղթել է կոլեկտիվ Արևմուտքին նույնիսկ նախքան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության բանակցությունների մեկնարկը, ինչի մասին է վկայում այն ​​փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առաջ է քաշել իր պահանջները, այլև նստեցրել է Վաշինգտոնին ու ՆԱՏՕ-ին բանակցությունների սեղանին։ «Պուտինը կրկին հաղթում է»,- հայտարարել է Շաման։ Դե ինչ, կապրենք՝ կտեսնենք…

Սերգեյ Շաքարյանց