Մենք առաջին անգամ իրականում գործարկեցինք մեր պաշտպանական ներուժը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ելույթ ունենալով լրագրողների առաջ Ալմաթիում, հայտնել է, որ Ղազախստանը վերադառնում է բնականոն կյանքի, այդ թվում նաև ՀԱՊԿ անդամ երկրների աջակցության և օգնության շնորհիվ՝ նախևառաջ այն տղաների, որոնք այժմ կանգնած են մարտական դիրքում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան» գործակալությունը:

«Նրանք ազնվորեն կատարում են իրենց զինվորական պարտքը և անհրաժեշտ օգնություն են ցույց տվել Ղազախստանին»,- ասել է Զասը:

Նա ընդգծել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները դաս դարձան ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների համար: «Սա բեկումնային պահ է: Կազմակերպության 20-ամյա գոյության ընթացքում առաջին անգամ մենք իրականում գործարկեցինք մեր պաշտպանական ներուժը: Լա՞վ է դա, թե վատ: Կցանկանայի, որ մենք մեր վարպետությունը կիրառեինք միայն զորավարժարաններում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ կազմակերպությունը ցույց է տվել իր արդյունավետությունը:
«Համակարգը, որն ստեղծվել է ՀԱՊԿ-ում, աշխատում է: Խաղաղապահների առջև դրված խնդիրները կատարվել են: Առջևում ավարտական փուլն է: Խաղաղապահները վաղ չեն հեռանում: Իրավիճակը, այդ թվում և Ալմաթիում, ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցվել: Առաջադրանքն իրագործվել է»,- ընդգծել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից, ուր նրանք ժամանել էին Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի համաձայն: