Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան խնդրով զբաղվելու փորձերը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ճնշելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան խնդրով զբաղվելու փորձերը։

«Ես տեղեկություն չունեմ, թե ինչ է անում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ենթադրում եմ, որ հիմա պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես գիտեք, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ Նրանք հավանաբար զբաղված են այս միջոցառումների նախապատրաստմամբ։ Բայց կատակը մի կողմ, ես կարծում եմ, որ նրանք պետք է իրենց համար օրակարգ կազմեն»,- ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ պատկերացում ունի, թե ինչ պետք է անի ԵԱՀԿ ՄԽ-ն, և ինչ՝ ոչ։

«Ես կարող եմ ասել, թե նրանք ինչ չպետք է անեն: Նրանք չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ Նրանց փոխարենը մենք լուծեցինք այս խնդիրը։ Եվ նրանց բացակայությունը, կարծում եմ, սրանով է պայմանավորված»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը ճնշելու է ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։

«Որովհետև մենք դա թույլ չենք տա։ Մենք այս հակամարտության կողմ ենք եղել։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծվել է, ապա միջնորդության տեղ չկա, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց։ Երևի իրենք պետք է մտածեն, թե ինչ անեն»,- ասել է նա։