Թուրքական ապրանքների սահմանափակումները վերացնելիս կառավարությունն առաջնորդվել է քաղաքական նկատառումներով. Վահան Քերոբյան

Երբ կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները, այդտեղ առաջնորդվեց քաղաքական նկատառումներով: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Քերոբյանը շեշտեց, որ ինքն անձամբ կողմնակից է եղել արգելքի երկարացմանը և տեղեկացրեց, որ հնարավոր է եղել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնել, բայց քանի որ կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասին այդպիսի որոշում են կայացրել:

Նա նշեց, որ որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, նախարարությունը պետք է ուշիուշով հետևի և պաշտպանի այն ընկերություններին, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում են բացվել՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների շնորհիվ:

«Պետք է այնպես անենք, որ իրենց այսպես ասած կայացումը չվտանգվի, և նրանք նորից ստիպված չլինեն դուրս չթռչել շուկայից: Մենք հետևելու ենք իրավիճակին և եթե տեսնենք, որ խնդիրներ կան, այդ ներդրողների բիզնեսներ վտանգված են, և նրանք այնքան չեն կայացել, որպեսզի կարողանան մրցակցել թուրքական ապրանքներ ներկրողների հետ, ապա մենք անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որպեսզի պաշտպանենք նրանց»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: