Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ից. Տոկաև

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևն Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը նախատեսվում է սկսել հինգշաբթի՝ հունվարի 13-ին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Վաղը մեկնարկում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը: Ես բանակցություններ եմ ունեցել  համապատասխան պետությունների ղեկավարների հետ: Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրվա ընթացքում կատարած աշխատանքի համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին հեղուկ գազի թանկացման պատճառով։ Բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նույն օրը  նա դիմել էր նաև  ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Հայաստանի զինված ուժերի 100 զինծառայող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գործուղվել է Ղազախստանի Հանրապետություն։