Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու սահմանազատման և սահմանագծման գործընթացին:
«Խորապես մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդումներով: Կողմերի համար կարևոր է ապաէսկալացնել իրավիճակը և լիարժեքորեն օգտվել հասանելի մեխանիզմներից, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունների միջև 2021 թվականին նոյեմբերին ԵՄ հովանու ներքո ստեղծված թեժ գծից»,- իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Վերջինս պատրաստակամություն է հայտնել աշխատելու կողմերի հետ ուժերի հեռացման ուղղությամբ: «Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը սահմանազատման և սահմանագծման հարցում հավելյալ աջակցություն ցուցաբերելու հարցում»,- նշել է գործիչը: