Թշնամու սադրանքից զոհված 19-ամյա Վահան Բաբայանը թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր (լուսանկարներ)

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում երեկ՝ հունվարի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ NEWS.am-ի տեղեկացմամբ, Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։

«Շատ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ կյանքիս գնով հողս կպահեմ։ Վահանը խիզախ էր, ժպտերես, նպատակասլաց, սիրում էր ամեն ինչ կազմակերպել։ Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»,- նշեց Վահանի եղբայր Վոլոդյա Բաբայանը։

Վահանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ Ընտանիքի հետ մի քանի օր առաջ էր շփվել նամակագրության միջոցով։ Վահանն ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։  Հայկական կողմն ունի նաև երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Նախարարությունն այսօր՝ հունվարի 12-ին հայտնեց, որ կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: