Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է հերթական նիստը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ՝ հունվարի 11-ին ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի համաձայն՝ առևտրի օբյեկտներում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում այնպես, որ հստակ երևա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը՝ բուսական յուղով կամ այլ պարունակությամբ՝ կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով: Նման կաթնամթերքի փաթեթավորման վրա պետք է նշված լինեն «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» բառերը: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են սահմանել, որ կարգավորումը պետք է վերաբերի 200 քմ-ից ավելի տարածք ունեցող խանութներին՝ հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները: Նախաձեռնության հեղինակն ընդունել է առաջարկը:

Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, այն կընդգրկվի ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:

Ամբողջությամբ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: