Թուրք դիվանագետը պաշտոնապես նշանակվել է հատուկ բանագնաց Հայաստանի հետ բանակցելու համար

Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց: «Էրմենիհաբերը» գրում է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete):

Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ՊՆ կայքը՝ զերծ մնալով հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելուց:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։