Պատերազմի ընթացքում համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում:

Հանձնաժողովը նախագահող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Արշամյանին խնդրեց ներկայացնել դրամահավաքի անցկացման նպատակները, դրամահավաքի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, դրամահավաքին մասնակցող անձանց քանակը:

Հիմնադրամի տնօրենը հիշեցրեց, որ դրամահավաք-արշավի մեկնարկը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով: «Համազգային դրամահավաքին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 750  հազար նվիրատու, որից 500 հազար նվիրատուի գումարներն ուղիղ եկել են հիմնադրամի տարբեր հաշիվներին: Հիմնադրամն ունի դրամային հաշիվներ ԿԲ-ում, նաև հաշվեհամարներ՝ տարբեր մասնավոր բանկերում, գանձապետական հաշվեհամար չունի: Այդ 500 հազար նվիրատուի մի լուրջ հատվածը եկել է արտասահմանից»,-ասաց Արշամյանը:

Այդ թվերը մոտավոր են: Նվիրատուների մի լուրջ հատվածի ուղղակի նույնականացնել չի լինում, կարճ հաղորդագրությունների միջոցով 1000 դրամներ փոխանցած անձանց անհատական տվյալներ չկան: Բացի այդ առցանց նվիրատվություններ կատարած բազմաթիվ նվիրատուներ չեն նշել իրենց անուն-ազգանունները:

Արշամյանը վստահեցրեց, որ դրամահավաքի մեկնարկը համաձայնեցվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի, խորհրդի մի շարք անդամների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ: «Դա համազգային ջանք է եղել, և հիմնադրամը սեպտեմբերի 27-ին ուղղակի չի արթնացել և ասել, որ դրամահավաք է սկսում: Ռազմական դրության պայմաններում պետք է այդ ամեն ինչը համաձայնեցնել համապատասխան կառույցների հետ, թե արդյոք ճի՞շտ է, որ հիմնադրամը դա անի: Ի վերջո, այդ կոնսենսուսային որոշումն է եղել, որ համազգային դրամահավաքն իրականացվի բացառապես հիմնադրամի միջոցով: Այսինքն՝ հիմնադրամը կամուրջ է հանդիսացել պատերազմի մարտահրավերները դիմագրավելու համար դրամահավաք իրականացնելու առումով»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը հետաքրքրվեց, թե դրամահավաքը ո՞վ է նախաձեռնել, դա եղե՞լ է պատվեր կառավարության կողմից, առաջա՞րկ ՀՀ նախագահի կողմից, թե՞ հիմնադրամի տնօրենն ինքն է առաջարկել դա պաշտոնատար անձանց: Արշամյանը պատասխանեց՝ և, և, և:

Համահայկական հիմնադրամը կառավարությանը փոխանցել էր հավաքագրված գումարներից 52 մլրդ 703 մլն 113 հազար 3952 հազար դրամ: