Ի՞նչ անենք, գնանք Ալևի՞ն դիմենք․ շիրակցի գերիների հարազատների բողոքի ակցիան Կառավարության դիմաց

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները։ Նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ տարբեր մակարդակի հանդիպումներ են ունեցել, բայց իրենց «խաբում են»։

«Արդեն 1 տարի 2 ամիս է՝ մեզ ասում են, որ կվերադարձվեն հայրենիք, բայց արդյունք չկա։ Ոչ մի կոնկրետ բան չգիտենք»,-ասաց գերեվարված զինծառայողների հարազատներից մեկը։ «Ամեն անգամ ասում են՝ այսօր, վաղը, մինչև ե՞րբ, ինչքա՞ն կարելի է խաբել, էլ ինչքա՞ն սպասենք։ Մենք մեր տղերքին ենք ուզում, ուրիշ ոչ մի բան։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 2 ամիս էլ թող տղաները սպասեն լավ կլինի, արդեն 1 տարի 2 ամիս է՝ գերության մեջ են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Գերեվարվածների հարազատները պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են 6 ամիս առաջ, բայց՝ անարդյունք։

«Ի՞նչ անենք, գնանք Ալևի՞ն դիմենք, դա՞ են ուզում, դա էլ կանենք, հարց չկա։ Տեսնում ենք՝ ռեալ պատասխան մեզ չեն տալիս։ Կգնանք, կընկնենք Ալիևի ոտքերը կխնդրենք՝ մեր երեխանցը տվեք մեզ։ Տեսնում ենք, որ մեր ղեկավարությունը քնած է»,-ասաց գերեվարված զինծառայողներից մեկի հայրը։