Կեղծ «խաղաղասիրական» օրակարգը կործանարար է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև ողջ հայ ազգի համար (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է  Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Երեկ՝ հունվարի 10-ին, ադրբեջանական կողմը կրկին կոպտորեն խախտել է զինադադարի ռեժիմը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը։ Մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենան, որը պայթել է, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ է վարվել, ինչպես նաև Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհին թշնամին քարերով խոցել է հայ խաղաղ բնակչի մեքենան։

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում էր․
«Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը»։

44-օյա պատերազմից ի վեր ադրբեջանական ագրեսիան բազմաթիվ անգամ է դրսևորվել խաղաղ բնակչության նկատմամբ, չմոռանանանք, որ տևական ժամանակ է՝ ներխուժել ու օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքը, գերեվարել հայ զինվորներին՝  ի հեճուկս ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների։ ԱՀ ԱԳ նախարարից հետաքրքվեցինք, թե ինչպես է որակում այս ամենը, և արդյո՞ք սա միտված չէ ռուս խաղաղապահ առաքելության գործունեության վարկաբեկմանն ու խափանմանը։

Դավիթ Բաբայանի հետ անդրադարձ է կատարվել Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին։ Ղազախստանը առանձնահատուկ նշանակություն ունի պանթուրքիստական ​​գաղափարների համար, և այսօր երբ Ղազախստանի նախագահը շեշտում է, որ դա ահաբեկչություն է, «աննախադեպ ագրեսիա և պետականության դեմ ոտնձգություն», կարծես ստանում է իր պատասխանը։ Բաբայանը ընդգծեց նաև թուրքական «Գորշ գայլերի» ներգրավվածության հանգամանքն ու վտանգավորությունը՝ հավելելով, որ Էրդողանը հեշտությամբ չի հրաժարվի իր Մեծ Թուրանի ծրագրից։

Խոսելով աշխարհի երկակի ստանդարտների մասին՝ Դ․ Բաբայանն ասաց, «Աշխարհաքաղաքականության մեջ անթույլատրելի է միամիտ լինել, առավել ևս՝ ապուշ»։

Բանախոսն անդրադառնալով նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առանցքային հանդիսացող հայ-թուրքական խաղաղասիրության օրակարգին՝ ընդգծեց, որ, իհարկե, կարևոր են բանակցությունները, սակայն առանց որևէ նախապայմանի։

ԱԳ նախարարը հերթական անգամ շեշտադրեց, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, և շարունակում է օրակարգային մնալ աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։

Մանրամասները՝ տեսանյութում