Զինծառայողների զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում փոխհատուցում ստացող անձանց շրջանակը կընդլայնվի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայկ Սարգսյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, թե զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, ովքեր են հանդիսանում շահառու: Մասնավորապես, զինծառայողի ամուսինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները, հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը:

Ընդ որում, քույրը և եղբայրը համարվում են շահառու, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

Նույն Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասն էլ սահմանում է, որ 3-րդ մասում նշված շահառուների բացակայության դեպքում շահառու է համարվում նաև այլ անձ, եթե դատական կարգով հաստատվել է, որ՝

1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զինծառայողի խնամքի տակ և ունեցել է հաշմանդամություն կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.

2) խնամել է զինծառայողին մինչև նրա 18 տարին լրանալը:

«Խնդիրը այն է, որ այս պահին առկա է իրավիճակ, երբ ունենք 16 դեպք, որտեղ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված շահառուները բացակայում են, այդ պատճառով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումը այդ զինծառայողների մասով չի կատարվում: Սակայն մեզ հայտնի բոլոր դեպքերում զոհված զինծառայողներն ունեն քույրեր, եղբայրներ, տատ կամ պապ»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ օրենքի այս նախագծով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված շահառուների բացակայության պարագայում շահառուներ կհամարվեն նաև զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողի եղբայրը, քույրը, պապը և տատը:

Նա նշեց, որ օրենքում կատարվող այս լրացումը նաև բխում է զոհված կամ անհետ կորած ճանաչված զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցելու պետության պարտավորությունից: