Տոկաևը նշել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման ժամկետները

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից, հայտարարել է հանրապետության նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորախմբի փուլային դուրսբերումը: Գործընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է նա՝ ելույթ ունենալով պատգամավորների առջև։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցած շաբաթ Տոկաևը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` աջակցության համար երկրում բռնկված անկարգություններով պայմանավորված:

Դաշնակիցները խաղաղապահներ են ուղարկել Ղազախստան, որոնց առաջադրանքները ներառում են պետական, ռազմական և սոցիալական նշանակության օբյեկտների պաշտպանությունը։