Չինաստանը պատրաստ է օգնել Ղազախստանին դիմակայել «դրսի ուժերի» միջամտությանը

Չինաստանը պատրաստ է ուժեղացնել իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտում համագործակցությունը Ղազախստանի հետ և օգնել դիմակայել «դրսի ուժերի» միջամտությանը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, գրում է Reuters-ը։

«Ղազախստանում վերջին անկարգությունները ցույց են տալիս, որ իրավիճակը Կենտրոնական Ասիայում շարունակում է բախվել լուրջ մարտահրավերների, և դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ որոշ արտաքին ուժեր չեն ցանկանում խաղաղություն և հանգստություն մեր տարածաշրջանում», – Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ հեռախոսազրույցում ասել է Վան Ին։

Անցյալ շաբաթ Ղազախստանի կառավարական շենքերը մի քանի քաղաքներում կարճ ժամանակով գրավվել էին կամ հրկիզվել այն բանից հետո, երբ վառելիքի գների բարձրացման դեմ սկզբնական խաղաղ ցույցերը վերածվել են համատարած բռնության: Զորքերին հրամայվել էր կրակել՝ տապալելու համազգային ապստամբությունը: Իշխանությունները բռնությունների համար մեղադրում են «ծայրահեղականներին», այդ թվում՝ օտարերկրյա ուժերի կողմից պատրաստված իսլամիստ զինյալներին:

Փորձագետները նշում են, որ Չինաստանը մտավախություն ունի, որ հարևան տարածաշրջանում անկայունությունը կարող է սպառնալ էներգակիրների ներմուծմանը և համատեղ նախագծերին, ինչպես նաև Սինցզյան ինքնավար շրջանի անվտանգությանը, որը Ղազախստանի հետ ունի ավելի քան 1,7 հազար կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման։

«Չինաստանը պատրաստ է համատեղ դիմակայել ցանկացած արտաքին ուժերի միջամտությանը և ներթափանցմանը»,- ամփոփել է Չինաստանի արտգործնախարարը։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ուրբաթ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին ասել է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է ցանկացած օտար ուժի, որն ապակայունացնում է Ղազախստանը և նախագծում «գունավոր հեղափոխություն»: