ՀԱՊԿ խաղաղապահներն Ալմաթիի օդանավակայանում տեղակայել են ռուսական «Օռլան-10» անօդաչուներ

ՀԱՊԿ ուժերի կազմում ներառված ռուս խաղաղապահները ռուսական «Օռլան-10» անօդաչու սարքեր են տեղակայել Ալմաթիի օդանավակայանում։

Ինչպես գրում է Russia Today-ը, անօդաչու սարքերը կօգտագործվեն օդանավակայանի շրջակայքը վերահսկելու համար։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կմնան երկրում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն ամբողջությամբ չի կայունացել։ Ավելի վաղ նրա մամուլի քարտուղար Բերիկ Ուալին հայտնել էր, որ Ղազախստանում խաղաղապահ առաքելությունը կավարտվի առավելագույնը մեկ շաբաթից, որից հետո բոլոր օտարերկրյա զինվորականները կլքեն երկիրը։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն: Նրանք կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացում»,- ասել է Տոկաևը: