Ալմաթիում մահացած են գտել ոստիկանական գնդապետին

Ալմաթիում մահացել է Ղազախստանի Թուրքսիբսկի շրջանի ոստիկանական վարչության փոխղեկավար, գնդապետ Թանաթ Նազանովը:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին տեղեկությունը հաստատել են քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունից: Պաշտոնական տեղեկություններով՝ Նազանովի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, և նա մահացել է աշխատավայրում:

Ոստիկանությունից հայտնել են, որ գնդապետը ողջ կյանքում աշխատել է օպերատիվ ստորաբաժանումներում, ավելի վաղ ղեկավարել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում ինքնասպան է եղել Ժամբիլի մարզի ոստիկանության բաժնի պետ, 59-ամյա գեներալ Ժանաթ Սուլեյմենովը: Երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել:

Այսօր ավելի վաղ Նուր-Սուլթանի իր տան բակում մահացած են հայտնաբերել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամաթ Իբրաևին: