Ընդհանուր իրավասության դատարանը կքննի Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի. հայտնի է օրը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Տեղեկությունը հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։

Նիստը կմեկնարկի հունվարի 10-ին, ժամը 12։00-ին։

Քաղաքացիական հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած արտահայտություններին։ Ապրիլին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սկզբում գործը քննել է դատավոր Արթուր Մկրտչյանը, իսկ Սահակյանին այն մակագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 15-ին։

Նախորդ դատական նիստին Ալումյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավորին, քանի որ գործի մակագրումը կատարվել է ոչ համակարգչային եղանակով։ Սակայն բացարկի միջնորդությունը 2021 թվականի նոյեմբերի 2-ին մերժվել է։