Ալմաթիում վերականգնվել է «Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումը

«Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումն Ալմաթիում լիարժեք վերականգնվել է:

«ՌԻԱ նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտնել է «Միր 24» հեռուստաալիքը:

«Միր 24»-ը հունվարի 7-ին տեղեկացրել էր, որ «Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումը Ղազախստանի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում վերականգնվել է: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Ալմաթիում «Միր»-ի մասնաշենքում բռնկված հրդեհի մասին: Հեռուստաալիքի թղթակիցը հայտնել էր, որ կողոպտիչները հեռուստատեսության գրասենյակից  դուրս էին բերել տեխնիկան, շենքի մի մասը ջրով էր պատվել, և շենքում անծանոթ մարդիկ են անցուդարձ արել:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ: