Նազարբաևը Նուր-Սուլթանում է և կապ է պահպանում Տոկաևի հետ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Էլբասին (ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը, նշում է ՏԱՍՍ-ը) գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում։ Խնդրում ենք գիտակցաբար սուտ և ենթադրական տեղեկատվություն չտարածել։ Էլբասին մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,- գրել է Ուկիբայը Twitter-ի իր էջին:

Նա նաև հայտնել է, որ Նազարբաևը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանին բարեկամ երկրների ղեկավարների հետ։ «Էլբասին կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ առկա մարտահրավերները հաղթահարելու և մեր երկրի ամբողջականությունն ապահովելու համար»,- ասել է մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ ղազախական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե նախկին նախագահը դուստրերի և ընտանիքի մյուս անդամների հետ լքել է երկիրը։