Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կղեկավարի ՕԴՈՒ հրամանատար Սերդյուկովը

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կղեկավարի օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, «Ինտերֆաքսի»  հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նա նշել է, որ Ղազախստանում առաքելության գործողության ժամկետը սահմանափակ է, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել։

Ռուս զինվորականների տեղափոխմանը ներգրավված են 75 ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռներ՝ Իլ-76 և Ան-124։

Ղազախստան են ուղարկվել օդադեսանտային ուժերի 45-րդ հատուկ նշանակության բրիգադի, օդադեսանտային ուժերի 98-րդ դիվիզիայի և 31-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները։ Կոնաշենկովի խոսքով՝ նրանք բոլորն էլ «հատուկ պատրաստություն են անցել և իրական մարտական ​​փորձ ունեն»։

«Ղազախստանի Հանրապետություն ժամանած ռուս զինծառայողներն անմիջապես սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այս պահին Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ միասին Ալմաթիի օդանավակայանը վերցվել է լիակատար վերահսկողության տակ»,-ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը էլիտար օդադեսանտային ստորաբաժանումներ է ուղարկել Ղազախստան։ Նրանք մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը ռազմական օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։ Հունվարի 7-ին Տոկաևի վարչակազմը վստահեցրել է, որ ՀԱՊԿ զինծառայողները չեն մասնակցի Ղազախստանում ռազմական գործողություններին, նրանց առաքելությունը բացառապես խաղաղապահ է։