ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին տեղեկություններին

ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ղազախստանում Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին տեղեկություններին և հետաքրքրվում է՝ արդյոք նրանց օրինական հիմքով են հրավիրել երկիր։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Մենք ուշադիր հետևում ենք տեղեկություններին այն մասին, որ ՀԱՊԿ-ն իր հավաքական խաղաղապահ ուժերն է ուղարկել Ղազախստան»,-ճեպազրույցում ասել է Փսակին։

«Մենք հարցեր ունենք այս խնդրի բնույթի և օրինական լինելու վերաբերյալ»,-հավելել է նա։

ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ Ղազախստանի իշխանությունները կլուծեն տնտեսական և քաղաքական հիմնախնդիրները:

«Մենք Ղազախստանի իշխանությանն ենք թողնում օտարազգի զինված ուժեր սեփական տարածքում տեղակայելու վերաբերյալ տեսակետներ հայտնելու հնարավորությունը: Մենք շատ ուշադիր ենք հետևելու մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած դեպքին և ղազախական հաստատությունները գրավելու օտարազգի ուժերի բոլոր փորձերին», – ասել է Նեդ Փրայսը: