Ուղղափառ քրիստոնյաներն այսօր տոնում են Հիսուսի ծնունդը

Ուղղափառ քրիստոնյաները հունվարի 7-ին տոնում են Քրիստոսի ծնունդը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին, Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, որոնք տոնում են Հիսուսի ծնունդը, ասվում է Կրեմլի կայքում։

«Քրիստոնեական գլխավոր և ամենասիրելի տոներից մեկը՝ Սուրբ ծնունդը, հատուկ բարոյական իմաստ ունի։ Միավորելով մարդկանց բարձր հոգևոր իդեալների և արժեքների շուրջ՝ այն մարդկանց սրտերը լցնում է ուրախությամբ և լուսավոր հույսերով, ոգեշնչում նոր արարումների։ Եվ իհարկե, այս տոնի հետ ենք մենք կապում ընտանեկան բարի ավանդույթները, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ»,- ասվում է, մասնավորապես, ՌԴ նախագահի ուղերձում։

Սուրբծննդյան տոնի առիթով Վրաստանի ուղղափառ բնակչությանը շնորհավորել է նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ բոլորին առողջություն, հոգևոր հանգստություն և բարեկեցություն մաղթելով, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։

Վրաստանի ուղղափառները հունվարի 7-ին տոնում են Հիսուսի ծննդյան տոնը՝ քրիստոնեական ամենամեծ տոներից մեկը։

Ուղղափառ եկեղեցին Սուրբ ծնունդը սկսում է տոնել հունվարի 6-ին՝ առաջին աստղի ծագմամբ։ Տոնը սովորաբար անցկացնում են ընտանիքի, հարազատների ու մերձավորների հետ։