Ակնհայտ է, որ թուրքական գործոնը հակաիշխանական ցույցերում մեծ է․ Փորձագետը՝ Ղազախստանի դեպքերի մասին

Թուրքիան հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանի հետ կապված։ Հայտարարության մեջ երկու անգամ նշվում է Ղազախստանի ժողովուրդ տերմինը, և ոչ մի անգամ չի նշվում Ղազախստանի նախագահ։

«Մենք կարևորում ենք բարեկամ Ղազախստանի կայունությունը։ Մաղթում ենք խաղաղություն և հանգստություն Ղազախստանի եղբայրական ժողովրդին։ Մենք վստահ ենք, որ Ղազախստանի վարչակազմը կհաղթահարի այս ճգնաժամը։ Մենք վստահում ենք Ղազախստանի ժողովրդի ողջախոհությանը և ցանկանում, որ այս իրադարձությունները շուտափույթ հանդարտվեն», -ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածաց հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ-ի ԱԳ նախարարի հետ ինչպես այս թեմայով, այնպես էլ Հարավային Կովկասի, Ուկրաինայի թեմաներով։ Այդ հեռախոսազրույցից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ։ Բայրամովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում։

Այսօր նաև Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն է հայտարարություն տարածել, կրկին ղազախ ժողովուրդի համար մտահոգություն հայտնելով, ինչպես նաև հույս հայտնելով, որ իշխանություն խաղաղ ճանապարհով կհանգուցալուծի հարցը։

Ակնհայտ է, որ թուրքական գործոնը հակաիշխանական ցույցերում մեծ է։ Նույնիսկ իրենց հայտարարություններում այդպես էլ իրենց աջակցությունը չհայտնեցին գործող իշխանությանը, այլ շատ նրբանկատորեն հայտարարեցին, որ փողոց դուրս եկած մարդիկ ոչ թե ահաբեկիչներ են, ինչպես ներկայացնում են ղազախական իշխանությունները, այլ ղազախ ժողովուրդ և թուրքերը հեռակա դիմում են հենց Ղազախստանի ժողովուրդին։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից