Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել

Թուրքական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 6-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։

Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից:

Կողմերը հաստատել են նոր՝ 2022 թվականին, երկու երկրների ղեկավարության միջև սերտ շփումները շարունակելու պատրաստակամությունը։

Նախարարները դրական են գնահատել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որը միտված էր Անդրկովկասում իրավիճակի կարգավորման ու համագործակցության զարգացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նույն կազմով հաջորդ հանդիպումը կազմակերպել։ Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

Ղազախստանի իրադարձությունների կապակցությամբ նախարարներն աջակցություն են հայտնել սահմանադրական կարգը վերականգնելու երկրի ղեկավարության ջանքերին։