Մոսկվայում Ղազախստանի դեսպանատան դիմացից 7 ցուցարար է ձերբակալվել

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայում ոստիկանությունը Ղազախստանի դեսպանատան դիմացից ձերբակալել է «Հեղափոխական բանվորական կուսակցության» յոթ ցուցարարների:

Լրատվական գործակալությանը այս մասին հայտնել են իրավապահ մարմիններից:

Ակտիվիստները պլակատներով բողոքի ակցիա են կազմակերպել դեսպանատան դիմաց, որից հետո նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Ղազախստանի տարբեր քաղաքներում իրավիճակը շարունակում է լարված մնալ։