Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարան. շենքում հրդեհ է բռնկվել

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz  լրատվական պորտալը։ Հավաքվածները զինված են փայտերով ու վահաններով։

Ականատեսները ՏԱՍՍ-ին հաստատել են, որ չորեքշաբթի ցուցարարները փորձել են գրոհել Ալմաթիի քաղաքային վարչակազմի շենքը։

«Հրապարակի կողմից լսվում են խլացուցիչ նռնակների ձայներ, շատ բարձր ու հաճախ, ասում են՝ շատ մարդիկ են եկել, որ գրոհեն վարչական շենքերը, գրոհում են ակիմատը, երիտասարդներ՝ փայտերով ու ամրաններով տարբեր փողոցներից դեպի այնտեղ են ձգվում, շուրջբոլորը ուժայիններ են, բախումներ, ջարդեր, խանութներն այսօր չեն աշխատում»,- ասել են գործակալության զրուցակիցները։

Հաղորդվում է նաև, որ հրդեհ է սկսվել  Ալմաթիի քաղաքային վարչակազմի շենքում, որտեղ ներխուժել են ցուցարարները։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։

Իսկ մինչ այդ Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։