Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, քննարկված հարցերի թվում է եղել հարաբերությունները Հայաստանի հետ։

«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են գործողությունների համակարգման կարևորությունը Ուկրաինայում ռուսաստանյան լարվածության սպառնալիքի համապատկերին, ինչպես նաև Սոմալիի խնդիրները, Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման համար, երկկողմ և որպես ՆԱՏՕ գծով դաշնակիցներ՝ համագործակցության խորացման հնարավորությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ անցած տարի ազդարարվեց հայ – թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մեկնարկը, երկու կողմերը հայտարարեցին հատուկ բանագնացներ նշանակելու մասին թուրքական կողմից՝ փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմից՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։