Փաստաբանը՝ Տարոն Մարգարյանին մեղադրանք առաջադրելու մասին
Փաստաբան Բենիկ Գալստյանն իր էջում գրում է․ «Շուրջ 3 տարի 6 ամիս տևած քրեական գործի նախաքննության իմիտացիային հաջորդեց ՀՀ քննչական կոմիտեի հրապարակումը, համաձայն որի Տարոն Անդրանիկի Մարգարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Պետք է փաստեմ, որ քննարկվող քրեական գործի 23 հատորից բաղկացած նյութերում ոչ միայն առկա չէ փաստական տվյալների բավարար համակցություն Տ․Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար, այլև առկա չէ որևէ փաստական տվյալ, ինչը թեկուզ կասկած կհարուցի Տ․Մարգարյանի կողմից իր պաշտոնավարման ընթացքում որևէ տեսակի ոչ իրավաչափ արարք կատարելու մասին։
Դեռ ավելին՝ Տ․Մարգարյանին առաջադրված մեղադրանքում առկա մի շարք ձևակերպումներ ոչ թե պարզապես չեն բխում քրեական գործի նյութերից, այլ ուղղակի կեղծ են։
Իմ այս նկատառումների մասին բազմիցս հայտնել եմ քննիչին նախաքննության ընթացքում և դրա ավարտից հետո ներկայացված մի շարք միջնորդություններով, որոնք առանց որևէ հիմնավորման մերժվել են։
Դեռևս 2021թ․ դեկտեմբերի 30-ին քննիչի գործողությունների դեմ ներկայացրել եմ բողոք սույն քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ պահանջելով դադարեցնել պարոն Մարգարյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։
իշյալ բողոքի քննարկման արդյունքների վերաբերյալ մինչ այս պահը տեղեկություններ չունեմ։
Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ քրեական գործի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 336-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հանցակազմերի հատկանիշները, որոնք վերաբերվում են նախաքննություն իրականացրած քննիչի և դատավարական ղեկավարում իրականացրած դատախազի գործողություններին։
Ամեն դեպքում լիահույս եմ, որ դատախազի կողմից կկայացվի օբյեկտիվ որոշում և պարոն Մարգարյանի նկատմամբ իրականացվող այս զավեշտալի քրեական հետապնդումը կդադարեցվի, հակառակ դեպքում իմ կողմից նշված հանգամանքները կապացուցենք հրապարակային դատաքննության ընթացքում»։