Փաշինյանը Պուտինի հետ պայմանավորվել է գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը պայմանավորվել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանն այս մասին հայտնել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» մի քանի տասնյակ անդամների հետ ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը։

Ըստ աղբյուրի՝ ի պատասխան գերիների վերադարձի հետ կապված հարցի` վարչապետն ընդգծել է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»:

«Կառավարության ղեկավարը շեշտել է, որ գերիների հետ վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և այս ուղղությամբ ևս պայմանավորվածությունն անմնացորդ իրականացնելու կարծիքները համընկնում են»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ հավելելով, որ, Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՌԴ նախագահի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ: