Կրեմլը նշել է Պուտինի և Փաշինյանի բանակցությունների թեմաները

Մոսկվայում ապրիլի 7-ին կայանալիք բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկկողմ օրակարգի թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է iz.ru-ն:

Պեսկովը մանրամասնել է՝ օրակարգի հարցերի թվում են՝ «ինչպես է իրականացվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ եռակողմ հայտարարությունը, ինչպես է տարածաշրջանում կարգավորվում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը, ապաշրջափակումը և այլն»։

Հարցին, թե արդյոք կողմերը կանդրադառնան Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում ենթադրաբար հայտնաբերված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրների հրթիռների բեկորների մասին հայտարարությանը, Պեսկովը չի պատասխանել։

«Հրթիռի մասին ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, տեղեկություններ չունեմ»,- ասել է նա:

Նախօրեին հաղորդվել էր, որ Պուտինի և Փաշինյանի բանակցությունների թեմաներից մեկը կլինի երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը։