ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ ապրիլի 5-ին տեղի է ունեցել Արցախի ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչեղության ստացած հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր: «Վերջին ամիսներին Հանրապետությունում գրանցված ինքնասպանությունների և զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները: Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ և օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին և բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի և ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահի հանձնարարականով, անվտանգության նկատառումներից ելնելով, սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարևոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։